Երկիրն արդեն կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին. Նաիրա Զոհրաբյան

07/30/2016

Երեկ երեկոյան  Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրա հետեւանքների շուրջ ArmLur.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ: –Տիկին Զոհրաբյան, Սարի թաղում երեկ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններն ինչպե՞ս եք գնահատում: -Բացարձակապես անթույլատրելի է  լրատվամիջոցների եւ անզեն քաղաքացիների հանդեպ բռնության կիրառումը: Աննախադեպ է լրագրողների հանդեպ նման բռնությունը: Լրագրողը կատարում է իր մասնագիտական պարտականությունը, լրագրողը պետք է լինի այնտեղ, որտեղ ինքը հարմար է գտնում, եւ որեւէ մեկը` քաղաքացիական հագուստի տակ պատսպարված ոստիկան կլին, ինչ-որ հեղինակությունների հերոսակախմբի եւ թիկնազորի անդամ կլինի, ինչ-որ սադրիչներ կլինեն, իսկ ակնհայտ է, որ երեկ բազմաթիվ սադրիչներ եւ պրովոկատորներ կային, ովքեր բացարձակապես այլ խնդիր էին լուծում, իրավունք չունի խոչընդոտելու լրագրողի մասնագիտական պարտականությունը կատարելուն: Այսօր կարող ենք ասել` եթե անկախությունից ի վեր մեր երկրում որեւէ ինստիտուտ կայացել է` չորրորդ իշխանությունն է, մեր բազմաթիվ լրատվամիջոցներն են: –Այս իրավիճակում ինչպիսի՞ հանգուցալուծում կարող ենք ակնկալել: -Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը, ում ուզում է իմ ասածը նյարդայնացնի, պետք է դադարեցնել այս արյունահեղությունը: Ըստ էության` երկիրն արդեն կանգնած է քաղաքացիական պատերազմի շեմին: Արյունով հարց չպետք է լուծվի, երկու կողմերն էլ` թե´ իշխանությունը, թե´ Սասնա ծռերը պետք է գնան տրամաբանական, կշռադատված փոխզիջումների եւ երկխոսության: Բռնությունն, արյունահեղությունը չեն կարող ելք լինել, ոստիկանական տեռորը, ցուցարարների ծեծ ու ջարդը չեն կարող ելք լինել, այդ թվում ելք չի կարող լինել նաեւ  բժիշկներին պատանդ պահելը: Դա եւս բացարձականապես անընդունելի է, եւ եթե ոմանք գտնում են, որ ես տուրք տալով ֆեյսբուքյան ինչ-որ հատվածի, պետք է ասեմ, որ լավ են արել, որ բժիշկներին պատանդ են պահել, ասում եմ` ո´չ,  բժիշկներին պատանդ պահելով հարց չի լուծվելու: Արդեն քանի օր է միջազգային մամուլի թիվ թոփ նյուզը Հայաստանում կատարվող իրադարձություններն են, այսօր անգամ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար  Թորբյորն Յագլանդն եւս  անդրադարձավ այս խնդրին: Ամեն րոպե մենք կարցնուոմ ենք թանկագին եւ կարեւոր ժամանակ: Ակնհայտ է մի բան. երկու կողմն էլ պետք է գնա զիջումների եւ երկու կողմներն էլ պետք է հասկանան, որ զիջման գնալը պարտություն չէ: Մեր երկիրը այլեւս այն իրավիճակում է, որ այսօր արդեն  պարտվողի եւ հաղթողի խնդիր չի դրված, իշխանության եւ «Սասնա ծռեր»-ի խնդիր չի դրված , այսօր դրված է մեր երկրի Հայաստանի հանրապետության խնդիրը: Կողմերը պետք է գնան զիջումների եւ որեւէ մեկը չպետք է մտածի որ զիջել նշանակում է պարտվել: -Ձեր կարծիքով նման իրադարձություններից հետո  խնդրի լուծման շուրջ բանակցություններն ինչպիսի՞ զարգացումներ կստանան եւ առհասարակ երեկվա իրադարձություններն որքանո՞վ է հավանական, որպեսզի նորից կրկնվեն: -Եթե չլինի երկխոսություն իհարկե շարունակվելու է  եւ ամենահնարավոր վտանգավոր  զարգացումներով: Ես տեղյակ չեմ բանակցություններին, բայց վստահ եմ, որ բանակցություններ գնում են մեկ երկու միջնորդների միջոցով, վստահաբար պետք է գտնվեն ոչ ստանդարտ լուծումներ: Սա պատային, փակուղային իրավիճակ է: Եթե ես տեղյակ լինեի բանակցային գործընթացին կարող էի ենթադրել, խոսել ոչ ստանդարտ լուծումների տարբերակների մասին: 
 

 

 http://armlur.am/562423/