«Էրեբունի և Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ներից տեղեկացրին, որ տուժածների թվում երեխաներ չկան». Վահե Էնֆիաջյան

07/30/2016

Այսօր առավոտից ԲՀԿ Կանանց խորհրդի նախագահ Թամար Պողոսյանի և ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի հետ այցել ենք Էրեբունի ԲԿ: Հանդիպել ենք ինչպես բժշկական կենտրոնի ղեկավար կազմի, այնպես էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով կենտրոն դիմած ՀՀ քաղաքացիների հետ: Հանդիպման ընթացքում հետաքրքրվեցինք երեկ Սարի թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցած ընդհարման արդյունքում տուժածների առողջական վիճակից: Էրեբունի ԲԿ-ից տեղեկացրեցին մեզ, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով 16 մարդ է դիմել, որոնց թվում եղել են և՛ քաղաքացիներ, և՛ ոստիկաններ: Էրեբունի ԲԿ տնօրենը նշում է, որ տուժածների թվում երեխաներ չկան: Դիմողների մի մասն արդեն դուրս է գրվել, իսկ մնացածին տրամադրվում է համապատասխան բժշկական օգնություն: Պատկերն այլ է Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում: Բժշկական կենտրոն երեկ դիմել է 50 ՀՀ քաղաքացի` կրկին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: Դիմողների մի մասը ստանալով բժշկական օգնություն, դուրս է գրվել, մյուս տուժածները ստանում են պատշաճ բժշկական օգնություն: Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում աշխատակիցների հավաստմամբ երեխաներ չկան, իսկ ամենափոքր տարիքի բուժզննում անցած դիմող քաղաքացին 17 տարեկան է: Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հանդիպել ենք նաև երեկ տուժած զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, ծանոթացել ենք ստեղծված իրավիճակին և առաջարկել ենք մեր աջակցությունը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար` Վահե Էնֆիաջյան 

 http://www.aravot.am/2016/07/30/722157/