Նաիրա Զոհրաբյան. «Որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով

07/19/2016

«Ես շոկ ապրեցի` ծանոթանալով Դանիելի հայտարարությանը: Եթե այդ ամենը ճիշտ է, իսկ ես Դանիելին ճանաչում եմ եւ վստահ եմ, որ նա չի կարող սուտ տեղեկատվություն տարածել, ապա սա այլանդակության ամենամեծ աստիճանն է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացի միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի այսօր արած հայտարարությանը: Ըստ այդմ, վերջին օրերին բերման ենթարկելիս ակտիվիստներին ոչ թե ոստիկանության բաժիններ են տարել, այլ ՀՀ ոստիկանության զորքերի զորամաս: Անդրադառնալով երեկ Ազատության հրապարակից բերման ենթարկված Դավիթ Սանասարյանին ու Անդրանիկ Ասլանյանին, Դանիել Իոաննիսյանն ասել է. «Դավիթին այնքան էին ծեծել, որ ուղեղի ցնցում էր ստացել: Դրանից բացի տղաների պատմելով իրենց ամեն կերպ փորձում էին ստորացնել, ստիպում էին, որ տղաները ոստիկանների կոշիկները համբուրեն, թքում էին տղաների վրա, հայհոյանքների մասին ուղղակի անիմաստ է խոսել, ու դա ողջ ճանապարհին` Ազատության հրապարակից մինչև Դավթաշեն»: Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պետք է այս գործով անհապաղ զբաղվի: Ի դեպ, ՄԻՊ գրասենյակն արդեն հաղորդագրություն է տարածել Դավիթ Սանասարյանի եւ Վաղինակ Շուշանյանի գործերով դիմել է ՀՔԾ: Ոստիկանների կոշիկները համբուրելու եւ թքելու փաստերի մասին, ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության մեջ ոչինչ չկա: «Անհապաղ պետք է պատժվեն նաեւ այն ոստիկաններն, ովքեր իրենց նման այլանդակություն են թույլ տվել: Ոստիկանն իրավունք չունի նվաստացնելու ՀՀ քաղաքացուն` անկախ նրանից կիսո՞ւմ է տվյալ քաղաքացու քաղաքական հայացքները, թե՞ ոչ: Ոստիկանի գործը օրենքի սահմաններում կարգը պահպանելն է, ոչ թե ՀՀ քաղաքացուն ծեծելը, նվաստացնելը եւ կոշիկը համբուրել տալը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ այս ամենին անհապաղ պետք է լինի նաեւ ոստիկանության արձագանքը. «Հայաստանը սուլթանատ չէ: ՀՀ որեւէ օրենսգրքով, որեւէ ոստիկանի սուլթանի կարգավիճակ շնորհված չէ, որ իր կոշիկի ծերը պաչեն: Զարմանալի է, որ մինչ այս պահը չկա ոստիկանության արձագանքը: Եթե հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, ապա առաջին շահագրգիռը ոստիկանությունը պիտի լիներ` նման ճորտատիրական կարգերին բնորոշ երեւույթն արագ հերքելու համար»:

 

http://www.aravot.am/2016/07/19/717254/