Լինենք անկեղծ, մեր միակ խնդիրը մրցունակ թեկնածու ունենալն է. Նաիրա Զոհրաբյան

07/06/2016

 

 

"Բարգավաճ Հայաստան" կուսակցությունը Գյումրիի ընտրություններին մասնակցելու առումով այս պահին միայն մրցունակ թեկնածուի խնդիր ունի: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Լինենք անկեղծ, այս պահին մեր միակ խնդիրը, իսկապես,  մրցունակ թեկնածու ունենալն է: Որովհետեւ ՏԻՄ ընտրությունները լոկալ ընտրություններ են եւ շատ կարեւոր է անձի հարցը, սա անձի ընտրությունն է եւ այստեղ շատ կարեւոր է անձը, մեծ հաշվով ՏԻՄ ընտրությունները ոչ թե կուսակցության, այլ անձի ընտրություն են եւ էստեղ շատ կարեւոր է չսխալվելը»,-ասաց  ԲՀԿ ղեկավարը:

Ամեն դեպքում, նա շեշտեց, որ այս պահի դրությամբ իրենք չեն քննարկում չմասնակցելու հարցը, դեռեւս թեկնածու են ընտրում: Ասաց` կան տարբերակներ, մտածում են. «Մի քանի թեկնածուներ կան, որոնց հետ մենք այս պահին քննարկում ենք, առայժմ որեւէ անուն չեմ հրապարակի»:

Դաշինքներով միասնական թեկնածուով մասնակցելու մասին Զոհրաբյանը լսել անգամ չի ուզում. պնդեց` կամ միայնակ են մասնակցում, կամ ուղղակի չեն  մասնակցելու. «Մենք ունենք որոշում բոլոր կարգի ընտրություններին մասնակցելու առանց որեւէ դաշինքների, ալյանսների»:

Նշենք, որ Նաիրա Զոհրաբյանը հակված է ԲՀԿ Գյումրիի տարածքային կառույցի ղեկավար, Եվրոպայի չեմպիոն  Արմեն Բադեյանի թեկնածությանը, սակայն կուսակիցները կտրականապես դեմ են` համարելով  թույլ, ոչ մրցունակ թեկնածու: Բադեյանի թեկնածությունը ստիպված են առաջադրել, քանի որ  այլընտրանք չունեն:  Ըստ  լուրերի` ԲՀԿ-ում Գյումրիի ընտրություններին մասնակցելու որոշումը վերջնական չէ: Եթե մրցունակ թեկնածու չգտնեն, ապա չի բացառվում, որ չմասնակցեն: Կուսակցության շարքերում կարծում են, որ թույլ թեկնածուով քիչ քվե կհավաքեն, ինչը  խորհրդարանական ընտրություններից առաջ բացասաբար կազդի կուսակցության վարկանիշի վրա:

 

http://news.am/arm/news/335756.html