ԵԱՀԿ ԽՎ-ում հայ պատվիրակը կոչ է արել դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին

07/02/2016

Ապրիլյան իրադարձությունների միջոցով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փորձել է երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը եւ շեղել սեփական հասարակության ուշադրությունը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, Թվիլիսիում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 25-րդ ամենամյա նստաշրջանի երկրորդ օրը հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանի պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ տնտեսական, գիտության, տեխնիկայի եւ շրջակա միջավայրի հարցերի ընդհանուր հանձնաժողովում, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Թբիլիսիից:

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր իտալացի խորհրդարանական Մարիետա Տիդեյի զեկույցը՝ կապված փախստականների, անվտանգության ապահովման, էներգետիկայի եւ թափոնների խնդիրների հետ: Իր ելույթի մեծ մասը Միքայել մելքումյանը նվիրեց այն փաստին, որ ապրիլյան դեպքերից հետո նոր փախստականների առաջացման իրական վտանգ է ստեղծվել:

Հայ պատգամավորը ԵԱՀԿ-ին ներկայացրեց Ալիեւի հրահանգով արկածախնդիր, ֆաշիստական հարձակումը Մարտակերտի, մատաղիսի, Թալիշի եւ այլ բնակավայրերի խաղաղ բնակչության վրա, զոհված զինծառայողների մարմինների խոշտանգումն ու գլխատումը: «Ես նշեցի նաեւ, որ պետք է դադարեցնել զենքի մատակարարումն այնպիսի երկրի, ինչպիսին Ադրբեջանն է: Եվ, ամենագլխավորը, միջազգային կազմակերպությունները, այդ թվում ԵԱՀԿ ԽՎ-ն, պետք է հստակ իրավական ու քաղաքական գնահատական տան ապրիլյան իրադարձություններին: Մենք պետք է շարունակենք ճշմարտության հասնելու քաղաքականությունը եւ ցույց տանք միջազգային հանրությանը, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը»,-ընդգծել է Մելքումյանը:

 

http://news.am/arm/news/335247.html