ԵԽԽՎ նիստերը հերթական անգամ մեր եւ ադրբեջանական պատվիրակության միջեւ վերածվեցին մարտադաշտի. Ն. Զոհրաբյան

06/26/2016

ԵԽԽՎ ամառային նիստերը հերթական անգամ հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ վերածվեցին ռմբահարումների մարտադաշտի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումա սաց Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ ամփոփելով նստաշրջանը:

«Բավականին արդյունավետ եմ գնահատում նիստերը: Հերթական անգամ լիագումար նիստերը վերացվեցին հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ փոխադարձ ռմբահարումների մարտադաշտի, բայց կարծում եմ՝ այս տարիների ընթացքում դա բնականոն ոճ է դարձել»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Հարցին, թե ի՞նչն է արդյունավետ գնահատում, ապրիլյան պատերազմում Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ գարնանային նստաշրջանում ներկայացրած փաստարկները, ելույթները ի՞նչ արդյունք են ունեցել, Զոհրաբյանը պատասխանեց. «ԵԽԽՎ նիստերն անընդհատ ձեռքբերումներ արձանագրելու դաշտ չեն: Դա վեհաժողով է, որի անդամ ենք մենք եւ պարտավոր ենք մեր աշխատանքը կատարել այնպես, ինչպես մեր խորհրդարանում: Այս վեհաժողովը շատ սպեցիֆիկ է, իհարկե, հրապարակային, լիագումար դահլիճում անչափ կարեւոր է, բայց հատկապես մեզ համար վերջին պատերազմի հետ կապված շատ խնդիրներով կարեւոր են նաեւ քաղաքական խմբերում ու հանձնաժողովներում տարվող աշխատանքը, որը հետո իր արդյունքը, բնականաբար, պիտի տա արդեն հրապարակային հարթակում»,-ասաց Զոհարբյանը:

Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովը այս անգամ էլ հավատարիմ մնաց իր աշխատաոճին՝ Թուրքիայի նկատմամբ կողմնակալ վերաբերմունք ցուցաբերելով:

«Վեհաժողովը հավատարիմ մնաց իր՝ «մեծ աղմուկ ոչնչից» աշխատաոճին: Չնայած Թուրքիայում տիրող իրավիճակի` լրատվամիջոցների, մարդու իրավունքների եւ քաղաքական ազատությունների հետ կապված անխնա քննադատություններին, առաջարկը, որ կրկին Թուրքիային ներառել մոնիտորինգի ենթարկվող երկրների ցանկում, մերժվեց: Վեհաժողովը Թուրքիային չի նեղացրել, որովհետեւ Թուրքիան Եվրոպայի խորհրդի ամենամեծ անդամավճար մուծող երկիրն է: Ի դեմս Ռուսաստանի, եւ Թուրքիայի՝ Եվրոպայի խորհուրդը տարեկան յուրաքանչյուրից 20 միլիոն եվրո է ստանում: էս է այս կառույցում խաղի կանոնը: Մեր պատվիրակությունը եւ մի քանի համախոհներ կողմ արտահայտվեցին այն առաջարկին, որ Թուրքիայում սկսվի մոնիտորինգի գործընթաց, որից դուրս էր եկել 12 տարի առաջ, սակայն մերժվեց»:

http://news.am/arm/news/334003.html