ՀՀ ԱԺ պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանի ելույթը ԵԽԽՎ այսօրվա նիստում.
"Հարգելի՛ գործընկերներ,
Ապրիլի սկզբին Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմական գործողություններ սկսեց ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով: Գործի դրվեցին կործանարար նշանակության բազմաթիվ սպառազինություններ և զենքի տեսակներ, տանկեր, անօդաչու սարքեր, հրթիռներ, ականանետներ, ՏՕԶ-1 և այլն:
Երկուստեք եղան զոհեր, հայկական կողմից՝ 94 զոհ: Ադրբեջանի նախագահը դրանով, ըստ էության, փորձ արեց երկարաձգել իր կոռումպացված իշխանությունը՝ շեղելով սեփական ժողովրդի ուշադրությունը ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներից: Եղան հարձակումներ խաղաղ բնակչության վրա Թալիշ, Մատաղիս, Մարտակերտ բնակավայրերում և այլ գյուղերում:
Ազերիները հաշվեհարդար էին տեսնում արդեն իսկ մահացած մարդկանց հետ՝ կտրելով նրանց գլուխները, ականջները, մարմնի տարբեր մասերը, նույն կերպ էին վարվում և ողջ մարդկանց հետ:
Սա ոչ այլ ինչ է, քան հակամարդկային և ֆաշիստական քաղաքականության իրականացում: Իհարկե, նրանք ստացան արժանի հակահարված ԼՂՀ պաշտպանության ուժերի կողմից, սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը և կազմակերպությունները չպետք է տան այդ ամենի իրավական և քաղաքական գնահատականը: Դա հստակ պետք է անել: Այն է՝ ով է առաջինը հարձակվել, ինչ է արել և ինչ զենքերով:
Հարկավոր է նաև դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին: Չէ՞ որ դրա հետևանքների համար դեռևս պետք է պատասխանատվություն կրել:
Կարծում եմ, որ Ադրբեջանն իր այդ քայլով ոտնահարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը և խախտել է գործընթացի իրականացման տրամաբանությունը, ըստ էության, անտեսելով այն: Սա նույնպես պետք է գնահատականի արժանանա: Պետք է իրականացվի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննություն և արձանագրման գործընթացն ապահովող մեխանիզմների ներդրում, ինչը և փորձ էր արվում իրականացնել: Ադրբերջանական ագրեսիան այդ գործընթացը խափանելու փորձ էր:
Մի բան ակնհայտ է, կոնֆլիկտի խաղաղ կարգավորումն այլըտրանք չունի:
Արցախի հանրապետությունը ժողովրդավարական և ազատ երկիր է՝ պետականության բոլոր ինստիտուտներով: Այստեղ ապրում է աշխատասեր, կրթություն և գիտություն հարգող, հյուրասեր ժողովուրդ: Արցախի նախագահը և մյուս ղեկավարները ոտքով շրջում են քաղաքներում և գյուղերում, դեմքով և անունով ճանաչում են գրեթե բոլորին: Արցախի ժողովուրդն այլևս չի հանդուրժի ոչ մի անմարդկային ոտնձգություն իր արժանապատվության հանդեպ: Այդպես է եղել անցյալում, այդպես է հիմա, ապրիլյան օրերին, և միշտ այդպես կլինի:
Երբ ճայթում է պատերազմը, այստեղ բոլորը զինվոր են, երեխաները, տարեցները, կանայք և, իհարկե, տղամարդիկ: Նրանց անհնար է ծնկի բերել:
Ես՝ որպես քաղաքացի և ԱԺ պատգամավոր, զգուշացնում եմ որդի Ալիևին, որ հաջորդ անգամ պատասխանը լինելու է շատ ավելի հուժկու, քան պատկերացնում է":