"Ատոմակայանի տնօրենը պետք է վերադարձնի 20 միլլիոն գողացված գումարը". Նաիրա Զոհրաբյան

06/17/2016

 

ԱԺ-ն այսօր` 70 կողմ, 32 դեմ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր» վարկային նախագիծը, որով նախատեսվում է վերցնել 30 միլիոն դոլար վարկ: Վարման կարգով խոսեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և հորդորեց այնպես անել, որ Ատոմակայանի տնօրենը վերադարձնի 20 միլիոն գողացված գումարը. «Նա մեղադրվում է 20 միլիոն դոլար շորթելու մեջ, թող բերի, վերադարձնի և այս վարկային համաձայնագրից 20-ը դուրս գա, համակարգն էլ առողջացվի: Բավական է արդարացնել հանցագործներին և բեռը թողնել ՀՀ քաղաքացիների վրա, հիմա որ նա նստած է, մեր ի՞նչն է ավելանում»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ չի ընդունում ինֆրաստրուկտուրաները փոշիացնողներին վարկ օգտագործելու հնարավորություն տալու տրամաբանությունը: «Վարկ են տալիս, ասում ենք` դե, ձեր փոշիացման հետևանքները վերացրեք, հետո էդ վարկն էլ ենք փոշիացնում ու ասում ենք` մի հատ էլ վարկ տանք, որ փոշիացման հետևանքները վերացնեն: Այս շղթան պետք է կտրել: Հիմնական զեկուցողին հարցնում են, թե ինչի՞ է ճեղքվածք առաջացել, ու իրանք ասում են, որ դե, խնդրել են, որ մի 10 միլիոն տան ստեղ, մի 10 մլն տան էնտեղ: Հիմա ինքը եկել է, վարկ է ուզում, մենք էլ ասում ենք՝ լավ դե, վերցրու, տար խնդրի մատուռներ կառուցել, Ձեր PR-ի կամ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի PR-ի համար ծախսեք այդ գումարները»: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ խոսեց Կառավարության տրամաբանության մասին և այն «երկաթյան տրամաբանության» որակեց:

 

ՄԱՄՈՒԼ.am լրատվական գործակալություն