Թեթեւ աթլետիկիայի չեմպիոն պետք է լինել Գյումրիի փողոցներով անցնելու համար․ Նաիրա Զոհրաբյան

06/17/2016

 

Թեթեւ աթլետիկիայի չեմպիոն պետք է լինել Գյումրիի փողոցներով անցնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։

«Ամեն շաբաթ ես լինում եմ Գյումրիում։ Ճանապարհների այսպիսի աղետալի վիճակ որեւէ այլ քաղաքում հնարավոր չէ հանդիպել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Ըստ ԲՀԿ խմբակցության ղեկավարի՝ այսօր բոլորն են ուզում, որ Գյումրին բարեկարգվի, վերականգնվեն ենթակառուցվածքները․ «Շատ վարկեր իրենց նպատակին չեն ծառայում, սակայն կան բացառություններ, այս վարկը դրանցից մեկն է։ Մենք բոլորս ուզում ենք, որ Գյումրին բարեկարգվի, առաջին հերթին խայտառակ փողոցները։ Գյումրիի շատ փողոցներով անցնելու համար ռեզինե երկարաճիտ կոշիկներ են պետք։ Բնականաբար, մենք կողմ ենք քվեարկելու, ավելին, մեր կարծիքով, ուշացած նախաձեռնություն»։ 

Հիշեցնենք, որ վարկային եւ դրամաշնորհային միջոցները նախատեսված են 16 կմ երկարությամբ փողոցների եւ մայթեզրերի վերանորոգման, ինչպես նաեւ էներգախնայող LED փողոցային լուսարձակների տեղադրման համար:

14.6 մլն եվրոյի չափով վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով՝ 3 տարի արտոնյալ ժամանակահատվածով, 6-ամսյա Euribor +1% դրույքաչափով:

Վարկից բացի, ծրագրի համար 7.3 մլն եվրոյի չափով ներդրումային դրամաշնորհ, ինչպես նաեւ 1.94 մլն եվրոյի չափով տեխնիկական աջակցման դրամաշնորհ կտրամադրվի: Այս գումարից փոքր մաս՝ 160 հազար եվրո, հատկացվում է փողոցային կայանումը կազմակերպելու հարցով խորհրդակցության նպատակով:

 

http://news.am/arm/news/332528.html