ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ

04/16/2011
Ապրիլի 16-ին կայացան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային երկրորդ մրցաշարի եզրափակիչ մենամարտերը: Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի 18 երկրների շուրջ 120 ուժեղագույն բռնցքամարտիկները պայքարեցին հաղթողի կոչման համար:

Պայքարն ընթացավ 10 քաշային կարգերում: 5-օրյա համառ պայքարից հետո մրցաշարն ավարտվեց: Վճռորոշ մենամարտերին տեղում հետևում էին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը, Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը և պաշտոնատար այլ անձիք: 10-ը քաշային կարգերից 6-ում հաղթողներ դարձան հայ բռնցքամարտիկները: Մյուս քաշային կարգերում լավագույնները ճանաչվեցին ղազախ բռնցքամարտիկները: Թիմային հաշվարկում առաջին տեղը Հայաստանի ընտրանին գրավեց:







Բռնցքամարտի զարգացման գործում նշանակալի ավանդի  համար ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը պարգևատրվեց հատուկ գավաթով: Մրցաշարի լավագույն բռնցքամարտիկ ճանաչվեց Հրաչիկ Ջավախյանը, լավագույն մրցավար ճանաչվեց ազգությամբ ղազախ Ռ. Ռիզբաևը: Լավագույններին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը  հանձնեց մրցանակներ: «Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին, մենք այս մրցաշարը դարձնելու ենք ավանդական, հաջորդ տարի մրցաշարը կկազմակերպվի առավել լավ և մեծամաշտաբ, շնորհակալ եմ բոլորից մասնակցության համար»,-ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: 

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային երկրորդ մրցաշարի մրցանակային հիմնադրամը ավելի քան 45 միլիոն դրամ էր: Ոսկե մեդալակիրները ստացան 5000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղը գրավածները՝ համապատասխանաբար 3000-ական և 1000-ական ԱՄՆ դոլար: Դրամական պարգևների արժանացան նաև հաղթողների մարզիչները: