Սյունիքում նույնիսկ Մոզամբիկը կճանաչվի դեմոկրատիայի կղզյակ

06/15/2016

 

 

ԱԺ-ում համայնքների խոշորացման նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ նման ռադիկալ փոփոխության պետք է գնալ այն ժամանակ, երբ երկրի ենթակառուցվածքները պատրաստ լինեն դրան: Ըստ պատգամավորի՝ ԱԺ-ն սահմանադրական կարեւագույն կետ է խախտել, երբ քննարկում է իրականացնում առանց համայնքների կարծիքը լսելու:

«Մենք տեսանք, որ տեղական հանրաքվեները որոշ համայնքներում բացասական արդյունք տվեցին, բայց նաեւ տեսանք, որ եղան դրական արդյունքներ, օրինակ՝ Սյունիքի մարզում: Բայց ես չեմ հավատում այդ արդյունքներին:  Սյունիքում այնպիսի մթնոլորտ է, որ ինչ էլ դրվի հանրաքվեի, որ եթե պետք լինի Մոզամբիկը ճանաչել դեմոկրատիայի կղզյակ, 100-տոկոսանոց դրական արդյունք կլինի»:

Զոհրաբյանի խոսքով՝ համայնքների խոշորացումը ժամանակավրեպ է եւ բերելու է նոր խնդիրներ: Ըստ նրա՝ բնակիչը մի տեղեկանք ստանալու համար ստիպված է անցնել քարի դարի ճանապարհներով. «Ինչ վարկեր ասես, որ չեն դրվում, բայց այդ ճանապարհները չեն վերանորոգվում: Քարե դարի մասին ֆիլմ կարելի է նկարահանել այնտեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին Բերդավան եւ Կողբ համայնքները կտրուկ դեմ են միանալուն եւ սպառնում են ծայրահեղ քայլերի դիմել:

Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ կառավարությունը խոստացել է առանձին քննարկել այս երկու համայնքների խոշորացման հարցը: