ԿԱՅԱՑԱՎ ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
04/12/2011
Ապրիլի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արդեն երկրորդ անգամ, և նախորդի հետ համեմատ մասնակից երկրների և բռնցքամարտիկների թիվը կրկնապատկվել է: Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի 18 երկրների ավելի քան 130 ուժեղագույն բռցքամարտիկները կպայքարեն հաղթողի կոչման համար: Մենամարտերը տեղի կունենան ապրիլի 12-ից-16-ը: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն պայքարը կընթանա 10-ը քաշային կարգերում:
Միջոցառումը պաշտոնապես բացված հայտարարելու և մարզիկներին, մարզիչներին և հյուրերին ողջունելու համար բեմ հրավիրվեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը ողջունեց ներկաներին՝ մաղթելով հաջողություն և արդար մրցակություն: «Այս մրցաշարը Հայաստանում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ, այն դառնալու է ավանդական: Նման մարզական միջոցառումները մեր մարզիկներին և մարզիչներին հնարավորություն են տալիս ևս մեկ անգամ հանդիպելու իրենց հակառակորդներին և փորձ ձեռք բերելու՝ Եվրոպայի և Աշխարհի առաջնություններին պատրաստ լինելու համար: Մրցաշարը համարում եմ բացված, մաղթում եմ բոլորին արդար մրցակցություն և փայլուն հաղթանակներ»,- ելույթում նշեց Գագիկ Ծառուկյանը:
Միջոցառման հանդիսավոր բացման արարողությունց հետո ռինգ դուրս եկան բռնցքամարտիկները, և սկսվեցին նախնական փուլի մենամարտերը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան բռնցքամարտի միջազգային երկրորդ մրցաշարի մրցանակային հիմնադրամը ավելի քան 45 միլիոն դրամ է: Ոսկե մեդալակիրները ստանալու են 5000 ԱՄՆ դոլար, իսկ երկրորդ և երրորդ տեղը գրավածները համապատասխանաբար 3000-ական և 1000-ական ԱՄՆ դոլար: Դրամական պարգևների են արժանանալու նաև նրանց մարզիչները: Այս մրցաշարը հետագայում օլիմպիական վարկանիշային դառնալու միտում ունի: Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը կայանալու են ապրիլի 16-ին: