Մեր պարտքն է անապահով երեխաների գոնե մի քանի օրը դարձնել գեղեցիկ ու լուսավոր. Նաիրա Զոհրաբյան (ֆոտո)
Մեզնից յուրաքանչյուրի պարտքն ու պահանջն է մեր փոքրիկ աջակցությամբ կարողանալ սոցիալապես անապահով երեխաների գոնե մի քանի օրը դարձնել գեղեցիկ ու լուսավոր։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին,NEWS.am-ի բարեգործական ակցիայի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«NEWS.am-ի նպատակն ազնիվ է, հատկապես այսօր, երբ մենք հասկանում ենք, որ սոցիալական պայմաններն այնպիսին են, աղքատության տոկոսն այնպիսին է, որ այսօր շատ երեխաներ օգնության կարիք ունեն։ Մեզնից յուրաքանչյուրի պարտքն է ու պահանջը, որ մեր մի փոքր աջակցությամբ կարողանանք երեխաների գոնե մի քանի օրը դարձնել գեղեցիկ, լուսավոր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ նախագահի խոսքով՝ նմանատիպ բարեգործական ակցիաները հնարավորություն են տալիս գոնե մի քանի երեխաների խնդիրները լուծել։
Նշենք, որ Երեւանի Հյուսիսային պողոտայում, այսօր՝ առավոտյան ժամը 11-ից ընթանում է NEWS.am-ի ամենամյա բարեգործական ակցիան, որից ստացված հասույթն այս տարի ամբողջությամբ կհատկացվի ապրիլին Արցախում զոհված զինծառայողների եւ սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնցում կան երեխաներ:
Ակցիայի շրջանակում պաղպաղակ եւ քաղցր ըմպելիքներ են վաճառում հասարակական-քաղաքական գործիչներ, հայկական շոու բիզնեսի աստղերը՝ երգիչ-երգուհիներ, սերիալների հայտնի դերասաններ, հաղորդավարներ, ճանաչված մարզիկներ:
Ակցիային աջակցում են «Թամարա», «Աշտարակ կաթ», «Էլիտ Շանթ», «Մարիաննա» եւ Coca-Cola ընկերությունները, ինչպես նաեւ սիրիահայ Խաչիկ Ասլանյան ԱՁ-ի «Միսթր Քորն» ապրանքանիշը: