ԿԱՅԱՑԱՎ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

02/12/2011
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 12-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,  «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության կոալիցիոն գործընկերներ Հայաստանի «Հանրապետական» և «Օրինաց երկիր» կուսակցությունները, ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

 

Ներկա 2002 պատվիրակների միաձայն քվեարկությամբ հաստատվեց համագումարի նախագահության կազմն ու օրակարգը: Մանդատային հանձնաժողովի հաշվետվությունից հետո ողջույնի համար խոսքը տրամադրվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: «Ողջունում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական հինգերորդ համագումարում: Համագումարին նախորդած երկու տարիները մեր պետության համար լարված աշխատանքի, արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելու ժամանակաշրջան էր»,-ելույթում նշեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը,-«Հարգելի կուսակցականներ, առջևում մեզ սպասում է հետևողական ու համառ աշխատանք՝ ի շահ մեր պետության ու մեր քաղաքացիների բարեկեցության»:  Ելույթի ավարտին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը ներկաներին մաղթեց արդյունավետ աշխատանք:






Օրակարգի համաձայն ներկայացվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը, քվեարկության դրվեց ԲՀԿ ծրագրի փոփոխության հարցը: Երկու հարցերն էլ ընդունվեցին միաձայն, որից հետո հայտարարվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի ընտրության մասին:






Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվեց   «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ: Ընտրության կապակցությամբ շնորհավորանքներն ընդունելուց հետո ԲՀԿ նորընտիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես եկավ ելույթի խոսքով և շնորհակալություն հայտնեց ներկաներին վստահության համար:

ԲՀԿ 5-րդ համագումարի օրակարգում էր նաև ԲՀԿ նոր Քաղխորհրդի ընտրության հարցը: Համագումարը հաստատեց ԲՀԿ նորընտիր Քաղաքական խորհրդի կազմը:

ԲՀԿ 5-րդ համագումարի պատվիրակները հաստատեցին նաև ԲՀԿ նորընտիր Վերստուգիչ հանձնաժողովի կազմը: