ԲՀԿ-ն շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017-ի խորհրդարանում. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լուրջ չի վերաբերվում այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում չի կարողանա պահպանել իր դիրքերը:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ծիծաղելի է համարում այն կարծիքը, թե կուսակցությունը չի կարողանա հաղթահարել նույնիսկ 5 տոկոսի շեմը: «Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ, որ ԲՀԿ-ն հաջորդ խորհրդարանում կրկին լինելու է ամենաառանցքային ուժերից մեկը՝ անկախ նրանից, թե դա ում է դուր գալիս կամ ում դուրը չի գալիս»,- վստահեցրեց պատգամավորը՝ նշելով նաև, որ ԲՀԿ-ն շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017 խորհրդարանում:
Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանն, ապա խորհրդարանականը նշեց, որ այդ հարցը պարզ կդառնա հավանաբար աշնանը. «Այս պահին այս մասին խոսելը վաղ է: Կարծում եմ՝ աշնանը մենք կհրավիրենք կուսակցության համագումար, որտեղ կհաստատվի նաև կուսակցության համամասնական ցուցակը: Այդ ժամանակ շատ ավելի հստակ կլինի՝ ԲՀԿ-ն միայնակ կգնա ընտրություններին, թե այս կամ այն ընդդիմադիր կուսակցության հետ դաշինքով: Այս պահին հակվածությունը միայնակ մասնակցելն է, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:
Անդրադառնալով Վարդան Օսկանյանի կողմից ստեղծվեիք կուսակցությանը՝ Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ ողջունում է իր գործընկերոջ այդ նախաձեռնությունը. «Վ. Օսկանյանը հայաստանյան քաղաքական կյանքում լուրջ ավանդ ունի և փորձառու քաղաքական գործիչ է»:
Հարցին, թե Օսկանյանի հետ իրենց համագործակցությունն արդեն մեկ անգամ տապալվել է, արդյոք ԲՀԿ-ն այս անգամ ևս կընդունի նրա առաջարկը, Ն. Զոհրաբյանը նախ հստակեցրեց, որ երբևէ Օսկանյանի հետ համագործակցությունը չի տապալվել, իսկ թե Օսկանյանի առաջարկը կընդունվի, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
«Փետրվարյան իրադարձություններից հետո Օսկանյանը որոշեց դուրս գալ կուսակցությունից, բայց մենք միշտ էլ շատ արդյունավետ համագործակցել ենք նրա հետ, բայց կրկնում եմ՝ այս պահին ճիշտ չէ ապագա միավորումերի մասին խոսելը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանի, Էլինար Վարդանյանի, Ստեփան Մարգարյանի և խմբակցության մյուս անդամների հեռանալուն, Ն. Զոհրաբյանն ընդգծեց, որ այդ պատգամավորները երբևէ չեն եղել ԲՀԿ կուսակցության անդամ և հորդորեց իրադարձություններից առաջ չընկնել:
«Այս երեք գործընկերների հետ ևս տեսնում եմ օրակարգային հարցերի լայն շրջանակ, որոնց շուրջ կարող ենք բավականին արդյունավետ համագործակցություն ծավալել: Այս պահին ԲՀԿ-ում ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում: Կուսակցությունը կզտվի և արդեն առողջացած՝ որպես մեկ միասնական թիմ, իր ընդդիմադիր օրակարգով կմասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա: