Կոալիցիայի ցավով տառապողների անունները ես չեմ տա.

03/10/2016

Hraparak.am-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի («Ծաղիկ Ռուբո») հետ:
-Պարոն Գեւորգյան, ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում:

 

ԲՀԿ-ում կատարվում է այն, ինչ-որ կարող է կատարվել ամեն մի հզոր կուսակցության ներսում, հատկապես այն քաղաքական ցնցումներից հետո, ինչը տեղի ունեցավ 2015թ փետրվարին, որի պատճառը քաղաքական որոշ բացթողումներն էին եւ ոչ թե ԲՀԿ-ի կողմից որդեգրած կամ ողղորդված քաղաքականությունը: ԲՀԿ-ն այժմ գործում է ընդդիմադիր դաշտում իր որդեգրած քաղաքականությամբ:
 

-Փետրվարյան իրադաձություններից հետո կուսակցությունը կարծես ուշքի չի գալիս, հակասությունները գնալով խորանում են, այս վիճակով ինչպե՞ս է ԲՀԿ-ն մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
 

Ներքին վիճակը համարում եմ քաղաքական նորմալ ընթացք՝ հարիր մեր երկրում ձեւավորված քաղաքական դաշտին: Իշխանական կերակրամանի նկատմամբ հոգեկան ակտով տառապողները ցնցումների մեջ են ընկել իրենց ընդդիմադիր դաշտում տեսնելու համար, իսկ կուսակցության հիմնադրման օրվանից արժանապատվության դաշտում գործող  ԲՀԿ-ականները այսօր էլ իրենց պահում են արժանապատվորեն եւ կուսակցության որդեգրած քաղաքականությունը տանում են այնպես, ինչպես տարվել է վերջին ժամանակներում: Կուսակցությունը ամբողջապես իր տեղում է՝ իր բաժանմունքներով եւ ակտիվով: Տեսանելի ցնցումները արհեստական սարքվող բաներ են որոշ ուժերի կամ վերջին ժամանակներում կուսակցությունում հայտնված որոշ պատգամավորների կողմից, որոնք հասարակության մեջ քաղաքական արժեք չեն ներկայացնում: Եւ երեւի մինչեւ ընտրությունները պետք է կուսակցությունում տեղի ունենար ինքնամաքրման պրոցես, եւ հենց դա էլ տեղի է ունենում: Կուսակցության քաղաքական ուղղվածությունը չի փոխվել, քանի որ ի սկզբանե կուսակցության քաղաքական խոսքի գլխավոր հրետանին եղել է Նաիրա Զոհրաբյանը, իսկ այսօր էլ կուսակցության նախագահն ինքն է:
 

-Քանի՞ թեւ կա ԲՀԿ-ում եւ ովքե՞ր են ներքին խռովության հեղինակները:
 

Ներքին խռովություն հրահրողները չեն հաշվարկել, որ երկրագնդում կլիմայական պայմանները արդեն փոփոխվել են, եւ կարող են հանկարծակի գլխիվայր վայրէջք կատարել՝ նպատակին չհասած: Կոալիցիայի ցավով տառապողների անունները ես չեմ տա, դուք լավ գիտեք նրանց: Իհարկե, ֆինանսական դժվարությունների է հանդիպել, բայց ԲՀԿ-ն իր քաղաքական ակտիվությունը չի կորցնում, քիչ մնաց՝ կտեսնեք:
 

-ԵԱՄ-ը ինչո՞վ է զբաղվում այժմ:
 

ԵԱՄ-ը գործում է առավել ակտիվությամբ, լինում ենք սահմանամերձ գոտիներում, զբաղվում ենք մեր բաժանմունքների կազմակերպչական հարցերով, իսկ հարցերն ու խնդիրները շատ են: Վերջերս Պաշտպանության նախարարի հրամանով՝ բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ 60 ԵԱՄ-ականներ պարգեւատրվեցին գերատեսչական մեդալներով, այնպես որ ԵԱՄ-ի կողմից կատարվող աշխատանքները անգնահատական չեն մնում:
 

-Վերջերս գրել էինք, որ Ձեր դուստրը Դավթաշենում մեծ սպորտային համալիր է կառուցում, Ձեր ներդրումը ինչքա՞ն է:
 

Նման սպորտային համալիր կառուցելու միտքը իմ զավակներին են, նրանք են ամեն ինչ անում, ես պարզապես ոգեւորողի դերում եմ:
 

hraparak.am