Խոսնակ. Հասունացել է ժամանակը, որ ԲՀԿ-ն լրջորեն քննարկի գործարար պատգամավորի հարցը
Մամուլը շարունակում է տարաձայնություններ ու ինտրիգներ փնտրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Հերթական հրապարակումն առնչվում է ԲՀԿ համամասնական ցուցակին և այն անձանց, թե ովքեր կլինեն դրանում: Aysor.am-ը զրուցեց ԲՀԿ խոսնակ Վանիկ Էլիզբարյանի հետ՝ ճշտելու, թե ինչ է կատարվում կուսակցությունում և ինչի հետևանք են նման հրապարակումները:
-Այսօր մամուլում հրապարակում կար, թե Վահան Բաբայանը կուսակցությունից պատրաստվում է դուրս գալ, որովհետև առաջիկա համամասնական ցուցակում ինքը ցուցակի առաջին հորիզոնականներում չի լինելու: Եվ հղում էր արած, որ այս տեղեկությունն, ըստ էության, չի հերքել խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
-Կատարյալ սուտ և ապատեղեկատվություն: Նշյալ լրագրողը, ով մի թերթից վերջերս տեղափոխվել է այդ հրապարակումը հրապարակած թերթ, բացարձակ սուտ է հրապարակել. Վահե Էնֆիաջյանը նման հայտարարություն չի արել, ավելին՝ նշյալ լրագրողուհին խիստ սերտ հարաբերություններ ունի ԲՀԿ խմբակցության գործարար պատգամավորներից մեկի հետ և ես հորդորում եմ թերթի խմբագրակազմին, որ հետևողական լինեն, որովհետև այսուհետ ևս «Բարգավաճ Հայաստանի» վերաբերյալ ապատեղեկատվություններ կամ կոնկրետ թևի շահերը սպասարկող հրապարակումներ նշյալ լրագրողուհու միջոցով պարբերաբար հայտնվելու են այդ թերթի էջերում:
Համամասնական ցուցակի թեմա երբևէ «Բարգավաճ Հայաստանում» չի քննարկվել և աբսուրդ է այս պահին քննարկել ցուցակի թեման: Երկրորդ. Վահան Բաբայանի տարաձայնությունները հստակ են, այն կուսակցության քաղաքական գծի հետ է կապված, քանի որ ԲՀԿ-ն որոշեց մնալ ընդդիմություն, այլ տարաձայնություն մեր գործընկեր Վահան Բաբայանի հետ չունենք: Իսկ նշյալ լրագրողուհու ապատեղեկատվությունը և Վահե Էնֆիաջյանին հայտարարություններ վերագրելը, որ նա չի արել, գուցեև քննարկենք իրավական դաշտում վիճարկելու կոնտեքստում. եթե լրագրողը ներկայացնի ձայնագրություն, որը չի կարող ներկայացնել, որովհետև Վահե Էնֆիաջյանը նման հայտարարություն չի արել, մենք գուցե քննարկենք դատական կարգով նման ապատեղեկատվություններին վերջ դնելու հարցը:
Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա լրագրողը մեկ հարց է տվել դրա վերաբերյալ՝ հնարավո՞ր է Վահան Բաբայանը լինի դրանում, կամ չլինի, որին ի պատասխան Վ.Էնֆիաջյանը պատասխանել է, որ իր գործընկեր Վ.Բաբայանին վերաբերող բոլոր հարցերով դիմեն պատգամավորին: Այլ քննարկում չի եղել, իսկ նշյալ գործարար պատգամավորը իր առջև մեկ խնդիր է դրել՝ միմյանց դեմ հանել խմբակցության պատգամավորներին: Սա հստակ գծագրված սցենար է, որը իրականացնում է հիշատակված պատգամավորը: Կարծում եմ, այլևս հասունացել է ժամանակը, որ նշյալ գործարար պատգամավորի հարցը լրջորեն քննարկվի կուսակցությունում: