Այն, ինչ այսօր արվում է Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար, բավարար չէ. Նաիրա Զոհրաբյան

03/01/2016

Այն, ինչ այսօր արվում է Մարտի 1-ի դեպքերը բացահայտելու համար, բավարար չէ: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյան արձանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, որը գործընկերների հետ եկել էր ծաղիկներ դնելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

«Որ ասեմ՝ ինչ-որ նոր իրավիճակի փոփոխություն ունենք Մարտի 1-ի գործերի հետ կապված, այդպես չէ: Այն ինչ պիտի արվի Մարտի 1-ի յուրաքանչյուր գործ բացահայտելու համար, բավարար չէ, իհարկե: Մեզնից յուրաքանչյուրի մեջ կան բազմաթիվ հարցեր»,-ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, որ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված բոլոր հարցերը պատասխաններ կստանան, եւ տեղի կունենա արդարության վերականգնում:

«Մարտի 1-ը մեր բոլորի վիշտն ու դժբախտությունն է, եւ այստեղ ասել՝ ընդդիմություն, իշխանություն սխալ կլինի: Սա մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունն  է: Եթե մենք ուզում ենք, իսկապես, վերականգնել արդարությունը, բոլոր հարցերը իրենց պատասխանները պիտի ստանան, այլ տարբերակ չկա, եւ պիտի ստանան ազնիվ, արդար, առանց որեւէ բան կոծկելու: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ուզում է, թե Մարտի 1-ի, թե Հոկտեմբերի 27-ի հետ կապված արդարությունը վերականգնվի»,-ասաց Զոհրաբյանը:

Նշենք, որ առավոտից Մյասնիկյանի արձանի մոտ քաղաքական գործիչները եւ քաղաքացիներ ծաղիկներ են դնում՝  հարգելով Մարտի 1-ի զոհերի հիշատակը: Մյասնիկյանի արձանի մոտ են այցելել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա  Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀԱԿ խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:

Նշենք, որ ողբերգական հայտնի դեպքերի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լիովին սատարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը հանրահավաքը դաժանաբար ցրելու որոշումը կայացրեց: Ավելին, այդ ժամանակ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի շրջապատը մեկ անգամ չէ հայտարարել, որ ցուցարարների վրա կրակել են նաեւ  ԲՀԿ նախկին առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի թիկնապահները:

Հիշեցնենք, որ իշխանություն-ընդդիմություն հակամարտության արդյունքում 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում զոհվեց 8 ցուցարար եւ Ներքին զորքերի 2 ծառայող: Նրանց մահվան համար մինչեւ օրս ոչ ոք չի պատժվել:
www.news.am