Քաղաքական նպատակահարմարությունը կատեգորիա չէ քաղաքականության մեջ. Միքայել Մելքումյան

02/19/2016

Մենք դեմ քվեարկեցինք, որովհետև հիմնավորումը չէր բավարարում, և նախարարությունների միավորումը եղել էր մեկ տարի երեք ամիս առաջ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից ներկայացված՝ ՀՀ կառավարության կառուցվածքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին ԲՀԿ-ի դեմ քվեարկելուն:

«Քաղաքական նպատակահարմարությունը կատեգորիա չի քաղաքականության մեջ, այդպես ցանկացած բան կարելի է ասել՝ օրինակ մարդուն տասը տարով տանել, նստացնել, դատավճիռ անել ու ասել՝ այդպես ենք գտնում ի շահ պետության»,-ասաց նա:  

Ինչ վերաբերում է իշխանության հետ իրենց համագործակցության հնարավորությանը, Միքայել Մելքումյանն ասաց. «Թող 2017 թվականը լինի, տեսնենք, թե ով ով է»։

Նա նշեց, որ  2012 թվականին ԲՀԿ-ն ինքն է դուրս եկել կոալիցիայից՝ ունենալով 4 նախարար, և երբ Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, այդտեղ էլ հնարավորություն կար, բայց իրենք  չգնացին դրան:

Պատգամավորն ասաց, որ համագործակցության համար պայմաններ են պետք:

«Եթե մենք որոշումների վրա ազդեցության որոշակի չափ չունենանք, պետք չի որ գնանք համագործակցության»,-ասաց նա և նշեց, որ կյանքը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը:

www.tert.am