ԲՀԿ-ական պատգամավորի համար ընդունելի է Լեւոն Զուրաբյանի՝ միասնական պլատֆորմ ստեղծելու առաջարկը

02/18/2016

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը կողմ է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության միասնական պահանջների պլատֆորմ ստեղծելու առաջարկին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը։

«Մենք տարբերություն չենք  դնում՝ ով է առաջարկում, եթե դա օգուտ է տալիս լավ Ընտրական օրենսգիրք ունենանք, իմ անձնական կարծիքն այն է, որ ներգրավվենք»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Մելքումյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ քաղաքական ուժերի  հակասական դիրքորոշումները  պատճառ չեն, որպեսզի այդ առաջարկը մերժեն։

«Կլինի Լեւոն Զուրաբյան, թե Զուրաբյան Լեւոն կամ ուրիշ Լեւոն, եթե դա տանում է  նրան, որ տալիս է որոշակի դրական ազդեցություն ընտրական գործընթացի վրա, մենք ինչի պիտի դեմ լինենք, որեւէ խնդիր չկա։ Իսկ Ընտրական օրենսգրքին մեր դեմ կամ կողմ լինելը  կախված է նրանից, որ այս նոր օրենքում կեղծիքները կանխելու երաշխիքներ լինեն»,-ասաց մեր զրուցակիցը։

Նշենք, որ այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը կոչ էր արել Հայաստանի քաղաքական ուժերին, առաջին հերթին Ազգային ժողովի գործընկերներին, քաղաքացիական նախաձեռնություններին, ՀԿ-ներին, լրագրողներին, մեր հասարակությանը կենտրոնանալ ամենակարեւոր խնդրի վրա՝ ստեղծել Ընտրական օրենսգրքի փոփոխության միասնական պահանջների պլատֆորմ: