Չի հետաքրքրում թուրք-ադրբեջանական տանդեմի և նրանց ձայնակցած ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահի կոալիցիան ընդդեմ ինձ.Ն. Զոհրաբյան

02/17/2016

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը  Tert.am -ի հետ զրույցում անդրադառնում է ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ Մարգար Եսայանի հետ կապված միջադեպին, որին ընթացք է տրվելու ԵԽԽՎ մակարդակով:

- Ինչպե՞ս եք վերաբերում, որ  ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը երեկ հաստատել է տեղեկությունները, որ համապատասխան պահի շահագրգիռ անձանց հետ քննարկելու է Ձեր վարքը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, երբ մոտեցել էիք ԵԽԽՎ-ում թուրքական պատվիրակության անդամ Մարգար Եսայանին  և ինչ-որ բան ասել նրան:

-Բացարձակ անտարբերությամբ, ինձ բոլորովին չի հետաքրքրում թուրք-ադրբեջանական տանդեմի և  նրանց ձայնակցած ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտի համատեղ կոալիցիան ընդդեմ ինձ: Ես` որպես ազգությամբ հայ, պարտավոր էի թուրքական պատվիրակության ազգությամբ հայ պատգամավորին, այսպես ձևակերպենք, հայտնել իմ դիտարկումը իր քվեարկության վերաբերյալ:  Որևէ հայ, անկախ նրանից, թե որ երկրի քաղաքացի է, բարոյական իրավունք չուներ` կողմ  քվեարկելու Ռոբերտ Ոուլթերի  հակահայ խայտառակ զեկույցին:

- Ագրամունտը  միջադեպը համարել է ցավալի, իսկ  Թուրքիայի արտգործնախարարը  անընդունելի է համարել Ձեր  պահվածքը: Իսկ ի՞նչ եք ասել Մարգար Եսայանին,  որ համարում են ցավալի և անընդունելի:

- Ես ընդամենը ազատ ոճի մեկ-երկու դիտարկում եմ արել Մարգար Եսայանի պահվածքի վերաբերյալ:

- Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր թվիթերյան գրառման մեջ ևս անդրադարձել էր Ձեր պահվածքին և դատապարտել այն: Հիշում եմ, որ տարիներ առաջ, երբ նա ԵԽԽՎ նախագահ էր, նրա հետ կապված  ևս սկանդալային պատմության մեջ հայտնվեցիք, որի պատճառով Չավուշօղլուն, որքանով ես եմ հիշում` հեռախոսազրույց ունեցավ այն ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանի հետ:

- Նորից պիտի կրկնեմ` Մևլութ Չավուշօղլու բեսթսելերիստիկան ինձ չի հետաքրքրում:

-ԵԽԽՎ-ում աշխատելու տարիների ընթացքում տարբեր ժամանակներում ինչ-որ կոնֆլիկտներ եք ունեցել թուրք-ադրբեջանական պատվիրակության անդամների հետ: Նրանք, կարելի է ասել, Ձեզ առանձնապես չեն սիրում:

-Երբևէ իմ կյանքի  նպատակը չի եղել`դառնալ թուրք-ադրբեջանական հանրույթի սիրելին: Կրկնում եմ` կան հստակ բարոյական չափանիշներ, որոնք վեր են ցանկացած կուսակցականությունից, ցանկացած պաշտոնից և ցանկացած պարտավորությունից:

www.tert.am