ԲՀԿ խմբակցության քարտուղար. «Բարգավաճ Հայաստանը» գործելու է ընդդիմադիր դաշտում
Տարբեր երկրներում բնակվող Էնֆիաջյանները միանշանակ ազգակցական կապ ունեն, նշեց Վահե Էնֆիաջյանը
ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր գործունեությունը ծավալել և ծավալելու է ընդդիմադիր դաշտում, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը` մեկնաբանելով ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությանը ԲՀԿ-ի միանալ-չմիանալու հարցը։
Նա նշեց, որ ընդդիմադիր դաշտում այն փորձը, որ կուսակցությունն ունի, շատ կարևոր է և կնպաստի Հայաստանի հասարակության մեջ տարաբնույթ փոփոխությունների իրականացմանը:
«Ոչ մի համագործակցություն, նաև ոչ մի կոալիցիա ինքնանպատակ չպետք է լինի: Հիմքում պետք է դրվի մեր երկրի, հասարակության մեջ փոփոխությունների իրական ճանապարհը, այն, թե ինչ կադրեր, ինչ ազդեցություն և ինչ լծակներ են պետք դրա համար»,- ընդգծեց պատգամավորը։
Նա կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավագույն հնարավորությունն են լինելու իրոք փոփոխությունների գնալու համար։
«Ո՞վ է ասել, որ միայն հանրապետական կուսակցությունում կամ ՀՅԴ շարքերում են այն ինտելեկտուալները, այն մարդիկ, ովքեր այս կամ այն ոլորտում կարող են լավագույնս իրականացնել ծրագրեր կամ փոփոխություններ»,- նշեց Էնֆիաջյանը:
Յուրաքանչյուր քաղաքական միավոր ինքն է որոշում, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ երկրում փոփոխություններ իրականացնելու համար։ ԲՀԿ-ն, նրա խոսքով, իր դիրքորոշումը հայտնել է և սկզբունքային կերպով հետևելու է դրան:
«Մենք բավականաչափ մարդկային ռեսուրսներ ունենք, որևէ կերպ կաշկանդված չենք, մենք գնալու ենք մրցակցելու և ներքին համոզմունք ունենք, որ այս սահմանադրական փոփոխություններից հետո ներգրավված ենք լինելու Հայաստանի քաղաքական կյանքում»,- նկատեց պատգամավորը:
Sputnik Արմենիայի խնդրանքով անդրադառնալով իր ազգանվանն ու արմատներին` նա նշեց, որ իր նախնիներն Արևմտյան Հայաստանից են: Ցեղասպանությունից հետո Էնֆիաջյանները որոշ ժամանակ գործունեություն են ծավալել Վրաստանում, հայտնի «Վերնատան» հովանավորներից են եղել:
Հետո նրանք տեղափոխվել են Հայաստանի առաջին Հանրապետություն, որտեղ Էնֆիաջյանը դարձավ Հանրապետության ֆինանսների նախարարը, Էնֆիաջյանները նաև հայկական առաջին միացյալ բանկի հիմնադիրներից էին, զբաղվել են ծխախոտագործությամբ, արվեստով, մշակույթով:
Հետո քաղաքական իրավիճակից ելնելով` նրանց մի մասը տեղափոխվեց տարբեր երկրներ` Բելգիայի թագավորություն, Միացյալ Նահանգներ, մի մասն էլ մնաց Հայաստանում:
Sputnik Արմենիայի դիտարկմանը` թե տարբեր երկրների Էնֆիաջյանները միմյանց բարեկամ են, պատգամավորը նշեց. «Այո, միանշանակ, մենք հեռու կամ մոտիկ ազգակցական կապ ունենք»։