Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում

02/11/2016

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը փետրվարի 11-ին հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ: 

Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններից հետո երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակին: Կողմերը քննարկել են 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տված գնահատականում հնչեցված մտահոգությունները: Զրուցակիցները քննարկել են նաեւ առաջիկայում լրամշակվելիք ընտրական օրենսգրքով առաջարկվող այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան օրենսդրորեն կանխարգելել ընտրական գործընթացին անօրինական միջամտությունները: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին եւ բրիտանացի նախկին պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցին: Դեսպանը, ներկայացնելով բրիտանական կառավարության տեսակետը, նշել է, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Մեծ Բրիտանիան պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը: 

Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵՄ ապագա իրավական փաստաթղթին, ինչպես նաեւ՝ Հայաստանի տնտեսական քաղաքականությանը վերաբերող հարցեր: