Կոալիցիայի թեման ԲՀԿ-ի համար փակված է. Նաիրա Զոհրաբյան

02/05/2016

Կոալիցիայի թեման ԲՀԿ խմբակցության համար փակված է: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ խմբակցությունում կան պատգամավորներ, որոնք հակված են այդ ձևաչափին:

«Այո, խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր այլ կերպ են մտածում: Նրանք գտնում են, որ լինելով կոալիցիայում, շատ ավելի արդյունավետ կկարողանանք իրականացնել մեր ծրագրերը, սակայն ես հակված չեմ դրան: Ես և իմ մի քանի գործընկերներ չենք կիսում այս տեսակետը: Մենք հարգանքով ենք վերաբերվում իրենց տեսակետին և վստահ եմ, որ իրենք էլ հարգում են մեր որոշումը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հնարավոր համագործակցության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ պարզ կլինի  2017 թվականի քաղաքական խճանկարը, իսկ առայժմ կոալիցիայի ձևավորումը բացառվում է:

«Մինչ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները դա բացառվում է: Մենք կատեգորիկ մերժել ենք կոալիցիայի գաղափարը»,- ասաց նա: