Զոհրաբյան. Ինչպե՞ս կարող էր ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում աջակցել հայերին առանց ձայնի իրավունքի

02/01/2016

Շատ հայ վերլուծաբաններ լուրջ դեմքով դիլետանտության գիրկն են ընկնում։ Այս մասին փետրվարի 1-ին խորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ում բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի հակահայկական զեկույցի ընդունման փաստը։

«Դիլետանտ մեկնաբանություններ էին հնչում, թե ուր էր ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակությունը, ինչու՞ չէր օգնում։ Հիշեցնեմ, որ ռուսական պատվիրակությունն արդեն 2 տարի է՝ զրկված է ձայնի իրավունքից եւ բոյկոտում է նիստերը։ Այսինքն՝ անգամ եթե հանուն մեզ նա ընդհատեր բոյկոտը, միեւնույնն է, ձայնի իրավունք չէր ունենա»,- ընդգծել է Զոհրաբյանը։

Իսկ եթե խոսենք հայկական պատվիրակության գործունեությունից, ապա Զոհրաբյանի կարծիքով, չպետք է մտածել դիվանագիտական պարտություն կամ հաղթանակ կաղապարներով։ «Սակայն չենք կարող չընդունել, որ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի զեկույցի տապալումը ԵԽԽՎ-ում շատ զգայուն ընդունվեց Ադրբեջանի ղեկավարության կողմից, քանի որ հիմնական շեշտադրումը Բաքուն արել էր հենց դրա վրա»,- հավելել է Զոհրաբյանը։

www.news.am