ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դեւիսի հետ

01/22/2016

Այսօր ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փոխդեսպան Բարբարա Դեւիսի հետ։ Քննարկվել է տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեն, ինչպես նաեւ՝ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումներն ու դրանց հակազդելու օրենսդրական մեխանիզմների մշակումը։ ԲՀԿ նախագահը տեղեկացրել է, որ կուսակցությունը աշխատում է Ընտրական Օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վրա, արդեն իսկ ՙգույքագրվել՚ են ընտրական գործընթացին միջամտելու բոլոր օրենսդրական սողանցքներն ու կուսակցությունն առաջարկելու է դրանք կանխելու օրենսդրական իր լուծումները՝ ընտրական գործընթացի օրինականությունը առավել վերահսկելի դարձնելու համար։ ԲՀԿ նախագահը նաեւ տեղեկացրել է, որ Ընտրական Օրենսգրքի մշակման փուլում, ինչը սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո ամենալրջագույն փաստաթուղթն է լինելու, պատրաստ են համագործակցել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի հետ՝ համատեղ ներկայացնելու առաջարկների փաթեթ։ Բարբարա Դեւիսը նշել է, որ պատրաստ են ակտիվորեն համագործակցել ԲՀԿ-ի հետ՝ ապագա Ընտրական Օրենսգրքի շուրջ քննարկումներում։