Ն. Զոհրաբյան. ԱՄՆ պետքարտուղարության լղոզված գնահատականները չեն կարող նպաստել սահմանային լարվածության թուլացմանը
Հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարության նշան դնելը, դիվանագիտական պարիտետ պահելու համար, ավելի շատ վնասում է բանակցային գործընթացին, քան լիցքաթափում լարվածությունը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հայտարարությունը:
Հիշեցնենք, ճեպազրույցում Ջոն Կիրբին հայտարարել էր, որ որ անթույլատրելի է հայ-ադրբեջանական սահմանին ծանր տեխնիկայի օգտագործումը, ինչպես նաև հորդորել կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:
Ն.Զոհրաբյանի խոսքով՝ վաղուց հասունացել է պահը, երբ իրերը պետք է իրենց անուններով կոչվեն.
«Ես` որպես ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, քանիցս այս հարցը բարձրացրել եմ եվրոպական կառույցներում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահներին հորդորելով իրերը կոչել իրենց անուններով և հասցեական գնահատականներ հնչեցնել: Հակառակ դեպքում Ադրբեջանն իր գործողություններում ավելի սանձարձակ է դառնում՝ խախտելով իր իսկ ստանձնած միջազգային պայմանավորությունները»:
Ն. Զոհրաբյանը շեշտեց նաև, որ ԱՄՆ պետքարտուղարությունը իր հայտարարություններում պետք է առավել զգուշավոր լինի ու հատկապես՝ հասցեական մեղադրանքներ հնչեցնի:
«Այլապես լղոզված գնահատականները չեն կարող նպաստել սահմանային լարվծության թուլացմանը»,- ընդգծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է ծանր տեխնիկային, որը սկսել է կիրառել Ադրբեջանը, Ն.Զոհրաբյանի համոզմամբ այս խնդիրը պետք է արժանանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության լուրջ արձագանքին: