ԱՅՍՕՐ ԿԱ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ

12/24/2010
-Ինչպե՞ս եք գնահատում 2010 թվականը:

-Ինչպես ցանկացած տարի, 2010 թվականին նույնպես եղան ձեռքբերումներ և անհաջողություններ: Շատ դժվար է մեկ տարվա կտրվածքով անել հետևություններ: Երկրի համար օրացուցային տարին պայմանական հասկացություն է: Տարին ավարտելով՝ չլուծված հարցերն ու խնդիրները չեն վերջանում, դրանք սահուն տեղափոխվում են հաջորդ տարի ու անպայման պահանջում լուծումներ: Այս իմաստով 2010-ը կարևոր էր ճիշտ հետևություններ անելու, խնդիրները ճիշտ գնահատելու և դասակարգելու, առանց ընտրական լարվածության միմյանց լսելու, կողմ և դեմ կարծիքները գնահատելու համար: Թե ինչքանով դա հաջողվեց՝ ցույց կտան արդեն գալիք 1-2 տարիները:

-Կա միտում՝ բիզնեսի արտահոսք Հայաստանից: Շատերն իրենց բիզնեսը տեղափոխում են այլ երկրներ, այդ թվում՝ հարևան Վրաստան:

-Բիզնեսը միջավայրի և փոփոխությունների հանդեպ շատ զգայուն է: Բիզնեսի հետ պետք է խոսել տնտեսական, տնտեսագիտական լեզվով: Վարչական մեխանիզմներով, կոչերով, հայտարարություններով բիզնեսին չես կարող ստիպել անել այս կամ չանել այն քայլը: Եթե բիզնեսի ներկայացուցիչները տեսան, որ Հայաստանում կան բոլոր պայմանները աշխատելու ու զարգանալու համար, որ պետությունը ոչ միայն չի խոչընդոտում, այլև խրախուսում է նրանց գործունեությունը, որ բիզնեսի մարդը երկրում հարգված է, ապա նա ոչ մի տեղ չի գնա, ներդրումներ կանի հայրենիքում ու ոչ թե դրսում: Կա այս ամենի հակառակ կողմը՝ եթե բիզնեսն իրեն ապահով չզգաց, այն կամաց-կամաց հեռանալու է: Սրանք հարցեր են, որոնք ունեն լուրջ քննարկման անհրաժեշտություն: Բիզնես տեղափոխելը, այլ երկրում բիզնես դնելը հեշտ գործ չէ: Այնպես չէ, որ մեկ օրում որոշում կայացվեց, ու հենց վաղը սկսվեց իրագործվել: Եթե մարդիկ՝ մեկը, տասը նման քայլի են գնում, ուրեմն հիմքում կան լուրջ խնդիրներ, սա է պետք հասկանալ: Սա, իր հերթին, ազդում է արտագաղթի ծավալների վրա: Մեր հայրենակիցներից շատերը չեն կարողանում հայրենիքում ունենալ իրենց գործը, ապրել արժանապատիվ, իրենց ընտանիքները պահել նորմալ, բարեկեցիկ պայմաններում: Այդ պատճառով էլ թողնում-գնում են: Մի բան պարզ է, որ արտագաղթի ցուցանիշները ուղղակիորեն կապված են երկրի տնտեսական վիճակի հետ: Տնտեսական վերելքի փուլում արտագաղթի ցուցանիշները նվազում են, իսկ անկման տարիներին՝ կտրուկ աճում:



-Ձեզ պատկանող հիմնարկներում ճգնաժամի հետևանքով կրճատումներ եղե՞լ են:


-Այդ մասին ես ասել եմ տնտեսական ճգնաժամի հենց սկզբից: Ինձ պատկանող ձեռնարկություններում արվել և արվելու է ամեն հնարավորը աշխատատեղերի և աշխատավարձերի կրճատումներ թույլ չտալու համար: Ես պատրաստ եմ փոքրացնել իմ շահույթը, նույնիսկ ունենալ կորուստներ, բայց ճգնաժամի պայմաններում չեմ թողնի, որ մարդիկ հայտնվեն դրսում: Նրանք բոլորը ունեն ընտանիքներ, և ես պիտի անեմ ամեն հնարավորը, որ մարդիկ կարողանան իրենց աշխատանքով պահել իրենց ընտանիքները: Բայց պետք է նաև հասկանալ, որ եթե Ծառուկյանը գնում է այս քայլին, շատերը պարզապես չեն կարող նման բան անել, ու սկսվում են կրճատումներ, գործազրկություն:

-Ձեր գնահատականները՝ որպես Օլիմպիական կոմիտեի ղեկավար: Ինչպիսի՞ն էր մարզական տարին:

Գնահատականներ պետք է տա ժողովուրդը: Եթե զուտ մեդալների թվով հարցին մոտենանք, ապա առաջխաղացումն ակնհայտ է: Անցած տարվա Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճած 135 մեդալի փոխարեն՝ այս տարի ունենք 157 մեդալ: Կարծում եմ՝ Հայաստանի նման փոքր երկրի համար սա շատ լուրջ է: Բայց սպորտը միայն մեդալներ չեն, և չի կարելի գնահատականներ տալ միայն մեդալների թվով:  Սպորտը, մարզական հաջողությունները բարձրացնում են երկրի հեղինակությունը, ճանաչելի են դարձնում քո երկիրը, մարզական հաջողությունները ստիպում են, որ ուրիշները հարգեն քո երկիրը՝ անկախ նրա ծավալներից ու բնակչության թվից: Մարզական հաջողությունները մեծ ոգևորություն են առաջացնում երկրի ներսում, ժողովրդի մոտ: Ժողովուրդը դառնում է վստահ, ավելի հպարտ: Իսկ այսօր մեր ժողովրդի համար սա շատ կարևոր է: Երբ մեր մարզիկները հավասարը հավասարի հետ պայքարում են աշխարհի հզորագույն պետությունների ներկայացուցիչների հետ, մարդիկ սկսում են հավատալ, որ մենք ի վիճակի ենք լուծելու բոլոր խնդիրները, ստեղծելու մեր երազած բարեկեցիկ, ուժեղ Հայաստանը: Ամեն մեդալի համար ես անկեղծորեն ուրախանում եմ, ամեն անհաջողության համար տխրում ու միշտ ինքս ինձ տալիս եմ հարցը, թե ո՞րն է պատճառը, որ այդպես եղավ, ի՞նչ կարելի էր անել, որը չի արվել: Խորհրդակցում ենք մասնագետների հետ ու ձգտում անել այնպես, որ հաջորդ անգամ հաջողությունը մերը լինի: Կուզենայի առանձնացնել Թուրքիայում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության ժամանակ մեր ստացած ոսկին, որի պատվին բարձրացվեց հայկական դրոշը և հնչեց մեր հիմնը: Սա պատվի հարց էր, ու մենք պատվով դուրս եկանք: Միայն քիչ թվով մարդիկ գիտեն, թե ինչ հսկայական աշխատանք էր նախորդել այդ անմոռանալի րոպեներին հասնելու համար: Մի բանում կարող եմ վստահեցնել. այսուհետ նույնպես անելու եմ ամեն ինչ մարզական մեծ հաջողություններ ունենալու համար: Էլի եմ ուզում շեշտել. ժամանակակից աշխարհում սպորտը շատ ավելին է, մարզական հաջողությունները չեն սահմանափակվում միայն դրանց սահմաններում:

Կա կարծիք, հատկապես երիտասարդության մեջ, որ առանց ծանոթ-բարեկամի հնարավոր չէ Հայաստանում առաջ գնալ, ու սա առաջացնում է թերարահատություն մարդկանց մոտ իրենց ապագայի հանդեպ:

-Իհարկե, կա նման տեսակետ: Ու սա շատ հաճախ գալիս է իրական կյանքից: Սա լուրջ խնդիր է: Պետությունը պետք է կարողանա ապահովել ազատ մրցակցեւթյուն բոլոր մակարդակներում՝ սկսած անհատականից: Այսօր կա արդարության պակաս: Սա խնդիր է, որը պիտի լուծվի: ԲՀԿ-ում իմ մոտեցումները բոլորը գիտեն: Առաջ է գնում նա, ով իր գիտելիքներով, աշխատանքով, նվիրվածությամբ արժանի է: Ինձ համար սա սկզբունքային խնդիր է: Գուցե նաև դա է պատճառռը, որ դեպի կուսակցություն հոսքը մեծ է, հատկապես երիտասարդության մոտ: Գիտեք, սպորտում էլ կա նման խնդիր: Ես ֆեդերացիաների ղեկավարներին միշտ ասում եմ՝ մոռացեք ծանոթ-բարեկամի: Նա, ով տաղանդավոր է, նա, ով արժանի է, նա, ով լավ է աշխատում, և ով իսկապես գիտակցում է, որ մրցահարթակներում պետություն է ներկայացնում, նա էլ պիտի առաջ գնա, նրան էլ պիտի օգնել:

-Բաքվից անընդհատ ռազմական ճանապարհով հարցը լուծելու սպառնալիքներ են հնչում: Ձեր կարծիքով, իրակա՞ն է պատերազմի վտանգը:

-Ինձ Բաքվի տեսակետները, առավել ևս սպառնալիքները չեն հետաքրքրում: Ինձ համար մի բան միանշանակ պարզ է, ուժեղ կլինենք մենք, ուժեղ կլինի մեր տնտեսությունը, ուժեղ կլինի մեր բանակը, մարդիկ կունենան աշխատանք ու նորմալ կպահեն իրենց ընտանիքները, չեն մտածի արտագաղթելու մասին՝ ոչ մեկը չի համարձակվի Հայաստանի  հետ այդ տոնով խոսել: Մեծ հաշվով, ամեն ինչ մեր ձեռքբերում է:

-Ավանդույթի համաձայն, Ձեր ամանորյա բարեմաղթանքը:

-Ընդհանրապես, Նոր տարվան մեր ժողովուրդը միշտ անհամբերությամբ է սպասում: Ամանորին ընդառաջ  բոլորն էլ սպասում են լավ փոփոխությունների, նոր սպասումներով և ակնկալիքներով են դիմավորում Նոր տարին: Օգտվելով առիթից սրտանց շնորհավորում եմ հայ ժողովրդին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում եմ մեր հայրենակիցներին առողջություն, երջանկություն և բարեկեցություն:


Աղբյուր՝ «Իրավունք» օրաթերթ