Թունիսում տեղի ունեցավ Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի (ԵՊՌԴ) տարեկան համաժողովը

11/16/2015

Նոյեմբերի 12-15-ը Թունիսում տեղի ունեցավ Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի (ԵՊՌԴ) տարեկան համաժողովը, որին մասնակցում էին 35 երկրների շուրջ 120 պատվիրակներ: 

Համաժողովին մասնակցում էր նաեւ ԵՊՌԴ-ի Խորհրդի անդամ, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արմեն Արզումանյանը:

Համաժողովի օրակարգի հիմնական հարցերն էին ազատ աշխարհում ապրելու մարտահրավերներն ու դրանց դիմակայելու երկրների հնարավորությունները, անվտանգության, տնտեսական զարգացման, ժողովուրդների բարեկեցության ապահովման, նոր աշխատատեղերի ստեղծման լրջագույն խնդիրները, ինչպես նաեւ՝ համաշխարհայնացման (գլոբալիզացիայի) հետևանքներն առկա մարտահրավերների շրջանակներում:

Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի խորհրդի անդամ, ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արմեն Արզումանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին, երկրի առջև ծառացած մարտահրավերներին, մեր երկրի քաղաքական օրակարգի այլ խնդիրներին, և այդ գործընթացներում եվրոպական արժեքների ընկալմանն ու արժեւորմանը։ 

Համաժողովում քննարկվեց Իտալիայի, Ֆինլանդիայի, Սլովակիայի, Խորվաթիայի՝ թվով հինգ կուսակցությունների անդամակցությունը դաշինքին, ինչպես նաև՝ Գերմանիայի եւ Ռումինիայի երկու կուսակցությունների՝ ԵՊՌԴ-ին անդամակցելու դիմումները:

Եվրոպայի Պահպանողականների և Ռեֆորմիստների դաշինքի Խորհրդի հաջորդ համաժողովը տեղի կունենա 2016թ փետրվարին՝ Հայաստանում: