ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՆՈՐ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻ

12/17/2010
Երեկ ռուսական մի շարք լրատվամիջոցներ լայնորեն անդրադարձել են հայ-ռուսական գործարար համագործակցության մի նոր նախագծի: Խոսքը վերաբերում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի և ՌԴ նախագահի գործերի կառավարչության ենթակայության տակ գտնվող «Կրեմլյովսկայա» առևտրի տան միջև կնքված պայմանագրին, որի համաձայն այսուհետ Հայաստանում կարտադրվի հայկական նոր կոնյակ` «Kremlin Award»  անվանումով:

Նոր ապրանքանիշի պաշտոնական շնորհանդեսը տեղի է ունեցել Կրեմլի պալատում, որին մասնակցել է նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը:


Շնորհանդեսի ժամանակ ՌԴ նախագահի գործերի կառավարիչ Վ. Կոժինը, ներկայացնելով  նոր ապրանքանիշը, շեշտել է, որ «Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները տարեցտարի էլ ավելի են ամրապնդվում, և որ այդ համագործակցության արդյունքները ոչ միայն կարելի է տեսնել, այլ նաև համտեսել», -հաղորդում է «Российская Газета»-ն: «Комсомольская Правда»-ի փոխանցմամբ նոր ապրանքանիշի մեջ նախաձեռնության հեղինակները միավորել են Ռուսաստանի և Հայաստանի խորհրդանիշները, որն, անկասկած, ապահովելու է հետագա արդյունավետ համագործակցության նոր հեռանկարներ:





Այս նոր կոնյակի տեսականին է այսուհետ օգտագործվելու ՌԴ նախագահի պաշտոնական բոլոր ընդունելությունների և արարողակարգային այլ միջոցառումների ժամանակ: Բացի դրանից, այն հասանելի է լինելու նաև շարքային սպառողների համար: ՌԴ տարածքում սկզբնական փուլում նախատեսվում է 180-200 հազար շիշ կոնյակի սպառում, իսկ արդեն հետագայում տարեկան մինչև 500 հազար շիշ նոր հայկական կոնյակի իրացում ռուսական շուկայում: Սա, իհարկե, նշանակալի հաջողություն կարելի է համարել հայկական կոնյակագործության համար, որի ակունքներում, ի դեպ, ընկած են շուստովյան ավանդույթները:


Դեռ 1912թ-ին հանրահայտ Նիկոլայ Շուստովը ապահովում էր ռուսական կայսերական արքունիքը հայկական այս անմահական խմիչքով: Ուրախալի է, որ այդ ավանդույթները շարունակվում են և այսօր էլ «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատի արտադրանքը բարձր է գնահատվում միջազգային ասպարեզում: Մեզ` հայերիս համար, վաղուց արդեն կոնյակը ավելին է, քան զուտ խմիչքը. այն վեր է ածվել յուրահատուկ ազգային հարստության և հպարտության ատրիբուտի, որը պետք է հոգատարությամբ պահել ու պահպանել:   
       
Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ