ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ
11/29/2010
«Գագիկ Ծառուկյան» Բարեգործական հիմնադրամի և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հովանավորությամբ կամերային երաժշտության և ինտելեկտուալ խաղերի պատիվը բարձր պահվեց: Հայաստանում «Սպիվակովի» հիմնադրամի մանկական կամերային նվագախումբն այլևս գտնվում է Գագիկ Ծառուկյանի հոգածության ներքո:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ հոկտեմբերի 26-31-ը Չեխիայի Պրահա քաղաքում նվագախումբը մասնակցել է «Աշնանային հեքիաթ» փառատոնին, որտեղ 7 անվանակարգերում փառահեղ հաղթանակ տոնելով, արժանացել է բարձրագույն մրցանակին՝ փառատոնի Գրան պրիին:
Փառատոնից վերադարձած հաղթանակած երեխաներին և ղեկավարին հյուրընկալեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մենք պետք է մեր ուշադության դարձնենք և հնարավորություն տանք մեր երեխաներին, որպեսզի նրանք պատրաստվեն, ստանան որակյալ կրթություն, որ վաղը կարողանան արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը տարբեր փառատոններում»,- իր ելույթում նշեց ԲՀԿ նախագահը: