Հանդիպում ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 22-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի հետ:
Որպես ԲՀԿ նախագահ՝ տիկին Զոհրաբյանը հյուրին ներկայացրել է կուսակցության մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ նշելով, որ նշյալ փոփոխությունները հանգամանալից քննարկվել են կուսակցության տարածքային 64 կառույցներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի եւ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի միջեւ համագործակցությանը: Տիկին Զոհրաբյանը նշել է, որ իր գլխավորած հանձնաժողովը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել ԵԽ-Հայաստան նոր ծրագրի իրականացման գործընթացներում: Եվրոպայի խորհրդի նոր ծրագիրն ուղղված է ընտանեկան բռնությանը, պետական համակարգում կոռուպցիայի կանխարգելմանը, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների գործերի բացահայտմանը, կրթական, առողջապահական համակարգերում կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը: Տիկին Զոհրաբյանը կարեւորել է խորհրդարանական վերահսկողությունն այդ գործընթացներում: Կողմերը քննարկել են այն մեխանիզմները, թե նշված ծրագրերի իրականացումը ինչպես պետք է ընթանա խորհրդարանի, մասնավորապես եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի վերահսկողության ներքո: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ իր համար կարեւոր է, որպեսզի այս գործընթացները կրեն ոչ թե իմիտացիոն բնույթ, այլ իրական արդյունք տան: Նրա խոսքով՝ ոչ միշտ է, որ նշյալ ծրագրերը հասնում են իրենց նպատակին, քանի որ շատ դեպքերում դրանք իմիտացիոն բնույթ են կրում եւ դրանց օգտակար գործողության գործակիցը լինում է ցածր: Զրուցակիցները քննարկել են այն մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան այդ ծրագրերի իրականացման արդյունքում հասնելու ավելի մեծ արդյունավետության: