Անշնորհակալ գործ է հիմա տնտեսական աճի մասին կանխատեսում անելը. Միքայել Մելքումյան

09/17/2015

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կարծում է, որ անշնորհակալ գործ է կանխատեսել, թե Հայաստանում տնտեսական ինչպիսի աճ է գրանցվելու:

«Մենք ընթացքի մեջ ենք, տնտեսության վրա տարբեր գործոնների ազդեցությունն ավելի ուշ է նկատվելու, հատկապես գյուղատնտեսության, ներդրումների արտոնությունների, հարկային քաղաքականության: Դրսի ազդեցություններ նույնպես կան, որոնք ավելի ուշ են լինելու, օրինակ, ռուբլու փոխարժեքը Ռուսաստանում կամ Հայաստան եկող ներդրումները»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միքայել Մելքումյանը:

Նրա խոսքով՝ առաջին յոթ ամիսներին նվազել են նաեւ ներդրումային ծավալները, եւ եթե այդ միտումը շարունակվի, ապա տնտեսական աճի վրա մեծ ազդեցություն է ունենալու. «Կարծում եմ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Հայաստանի կառավարության կանխատեսած թվերի միջանկյալն է լինելու»:

Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Հայաստանի համար կանխատեսում է ընդամենը 0,9 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ ՀՀ կառավարությունը՝ 4,1 տոկոս աճ է խոստանում:

www.news.am