ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

11/16/2010
Նոյեմբերի 16-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Հայ երիտասարդները Եվրոպայում» ծրագրին մասնակցող երիտասարդներին: Նախաձեռնության նպատակն է բարձրացնել հայ երիտասարդների և ուսանողների՝ միջազգային հասարակական աշխատանքի մասին տեղեկացվածության մակարդակը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունը Եվրոպական երիտասարդական ծրագրերին և գործընթացներին:


Ողջունելով երիտասարդներին՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ սա հայ երիտասարդության՝ հասարակական-քաղաքական մասնակցությանը միտված ծրագրերից մեկն է միայն: «Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու, հարգելի ուսանողներ, մենք Ձեր կողքին ենք, ամեն կերպ կօժանդակենք լավ ծրագրերի իրականացման համար, հիմնական գաղափարները իրականացնելու համար: Ամեն երկրի ապագան իր երիտասարդությունն է»,-նշեց ԲՀԿ նախագահը: 


Ծրագրի ղեկավար Տիգրան Պետրոսյանը նշեց, որ խմբում ընդգրկված են միջազգային ոլորտում փորձ և մեծ հեռանկար ունեցող երիտասարդները, ովքեր ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքներն օգտագործելու են ի նպաստ Հայաստանի: «Հայ երիտասարդները Եվրոպայում» ծրագրի շրջանակներում ուսանողները առաջին փուլի ընթացքում ստանալու են տեսական և գործնական գիտելիքներ: Երկրորդ փուլի ընթացքում երիտասարդները ձեռք բերված գիտելիքներն օգտագործելու են Հայաստանում տարբեր ծրագրեր իրականացնելու և Հայաստանի շահերը արտերկրում ներկայացնելու համար: