Նախագահի հետ հանդիպումը դրական էր եւ արդյունավետ. Վահան Բաբայան
Այսօր նախագահի նստավայրում սկսվել են քաղաքական ուժերի հետ Սերժ Սարգսյանի խորհրդակցությունները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Այդ գործընթացի շրջանակում նա հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը:
Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով հանդիպումը, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը նշեց, որ հանդիպումն անցել է շատ դրական ու արդյունավետ:
«Այս պահի դրությամբ մենք ունենք հարցադրումների, տեսակետների քննարկում: Մենք առաջ ենք քաշել մեր առաջարկությունները և դիտարկումները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, հիմնականում առաջ ենք քաշել այն կետերը, որոնց մասին խոսել ենք երեկ` Վենետիկի հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ` կայուն մեծամասնության, ինքնաբուխ հավաքների, ընտրիչների համակարգի վերաբերյալ: Եվ մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը, որովհետև մեր առաջարկները բավականին ընկալելի էին հանրապետության նախագահի կողմից»,- ասաց Վահան Բաբայանը:
Մեր հարցին` կարո՞ղ ենք փաստել, որ ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներն ընդունվելու են, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այն կետերը, որոնք որ բխում են երկրի ժողովրդավարացման շահերից, կայունության ապահովման խնդրից, ընդունելի չլինեն երկրի նախագահի կողմից»:
Բաբայանը հավելեց, որ մնացած՝ ավելի մանրակրկիտ հարցերի շուրջ ԲՀԿ-ն քննարկումներ կծավալի խմբակցության ներսում, այնուհետև` սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ: Եվ մինչև ԱԺ-ում այդ հարցի վերաբերյալ քվեարկությունը, ԲՀԿ-ն կգումարի քաղաքական խորհրդի նիստ, որտեղ էլ կորոշի իր վերջնական դիրքորոշումը: