ԲՀԿ-ն դեռ չի քննարկել սահմանադրական փոփոխությունները, որ իմանանք, ով է կողմ, դեմ, անտարբեր. Ն. Զոհրաբյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ինչպես սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կուսակցությունում հակադիր կարծիքների առկայության մասին տեղեկություններին, այնպես էլ հարցին, թե ինչու Վարդան Օսկանյանը չի ստեղծում իր կուսակցությունը: ԲՀԿ ղեկավարն այս մասին լուրերը որակեց որպես «Կիկոսի մահի քաղաքական քսերոքս»:
-Տիկի՛ն Զոհրաբյան, տեղեկություններ են շրջանառվում, որ «Բարգավաճ Հայաստանը» կանգնած է հերթական պառակտման շեմին, քանի որ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ կուսակցության տարբեր թևերի մոտ հակադիր տրամադրություններ են իշխում՝ «այո»-ից մինչև «ոչ»:
- Արդեն հոգնել եմ կրկնելուց, որ «Բարգավաճ Հայաստանում» թևեր, ինչ-որ տարբեր գործիչների թևեր, ականջներ փնտրելը պարապ և անպտուղ զբաղմունք է: Բայց ես հասկացել եմ մեկ հստակ բան, որ իզուր է պնդել մի բան, եթե իմ հարգարժան գործընկեր որոշ լրատվամիջոցներ ունեն մեկ խնդիր՝ տպել այն, ինչը հարմար է իրենց ուղղորդող կենտրոնների պատվիրատուներին: «Բարգավաճ Հայաստանը» դեռևս չի քննարկել սահմանադրական փոփոխությունների փաթեթը, որպեսզի իմանանք, թե մեր կուսակցությունում և կամ խմբակցության ներսում փաթեթի վերաբերյալ ինչ դիրքորոշում կա. ով է կատեգորիկ դեմ, ով՝ կատեգորիկ կողմ, ով՝ անտարբեր և ով ինչ դիրքորոշում ունի: Երբ կլինի դրա շուրջ համապարփակ, բովանդակային լուրջ քննարկում, և ոչ միայն խմբակցությունում և քաղաքական խորհուրդներում, այլև մեր իրավագետների կողմից, որոնց պատրաստած մասնագիտական եզրակացությունն ուղարկելու ենք նաև մեր տարածքային կառույցներ, որպեսզի նրանք ևս քննարկեն և իրենց դիրքորոշումը հայտնեն, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել, թե ԲՀԿ-ում ինչ տեսակետներ ու կարծիքներ կան և թե ինչպես ենք կայացնելու կուսակցության միասնական դիրքորոշումը: Ես, օրինակ, անձնապես իմ մտահոգությունները հայտնել եմ, իմ գործընկերներ Միքայել Մելքումյանը, Վահան Բաբայանը, Վահե Էնֆիաջյանն իրենց առանձին դիտարկումներն այս կապակցությամբ հայտնել են: Բայց կրկնում եմ՝ համապարփակ քննարկում չի եղել և նաև այդ պատճառով, որ մեզ համար պարզ ու հասկանալի չէ, մասնավորապես, Վենետիկի առաջարկած դիտողություններից ու առարկություններից այդ փոփոխությունները պատրաստող մասնագիտական հանձնաժողովը որն է ընդունելու: Այսինքն՝ թե վերջնական տեքստն ինչպիսին է լինելու:
Եվ երբ մենք այդ բոլոր հարցերի պատասխանները կունենանք, և կուսակցությունն էլ քննարկած կլինի ներկայացված փոփոխությունների փաթեթը, այդ ժամանակ, կարծում եմ, հնարավոր կլինի խոսել այն մասին, թե կուսակցության ներսում, առհասարակ, ինչ դիրքորոշում կա:
-Տիկի՛ն Զոհրաբյան, նաև այսօր մամուլում հրապարակում կար այն մասին, որ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը, ով ամիսներ շարունակ համաձայն նույն մամուլի, տարբեր քաղաքական գործիչների, փորձագետների ու անկախ պատգամավորների հետ բանակցություններ էր վարում կուսակցություն ստեղծելու շուրջ, կարծես թե հրաժարվել է այդ գաղափարից: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:
-Գիտեք, այն, որ Վարդան Օսկանյանը մտադիր է կուսակցություն ստեղծել, շրջանառության մեջ են դրել լրագրողները և ես հիմա չեմ պատրաստվում մեկնաբանել մի պատմություն, սցենար որ ուղղակի «Կիկոսի մահի» քաղաքական քսերոքսն է:
Վարդան Օսկանյանին քանիցս հանդիպել եմ և որևէ անգամ նա չի ասել, որ մտադիր է ստեղծել կուսակցություն: Եվ քանի որ Վարդան Օսկանյանը նման բան չի ասել, ես, կրկնում եմ, չեմ կարող մեկնաբանել, թե ինչու չի ստեղծել իր «չասած»-ը: Եթե պարոն Օսկանյանը կուսակցություն ստեղծելու մասին գոնե հայտնած լիներ ինձ հետ զրույցներում, ապա կմեկնաբանեի, թե ինչու չի ստեղծում այդ կուսակցությունը: Այսինքն՝ լրագրողներով շրջանառության մեջ եք դրել վարկած, և հիմա ուզում եք, որ մեկնաբանեմ, թե ինչու չարդարացավ այդ վարկածը: