ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱԼԹՅԱՆ ԵՎ ԱՊՀ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԸ

11/12/2010
Նոյեմբերի 11-14-ը Երևանում անցկացվում է ֆորում ԱՊՀ և բալթյան 11 երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի բացման արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Ներկաներին ողջունեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: ՀԱՕԿ նախագահը իր ողջույնի խոսքում հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթեց ներկաներին:

Ծրագրի շրջանակներում քննարկվեցին «Լոնդոն 2012» և «Սոչի 2014» օլիմպիական խաղերի շնորհանդնեսները ու դրանց նախապատրաստության աշխատանքները: Ելույթ ունեցավ «Սոչի 2014 » ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Ալեքսանդրա Սավինան: Զեկուցողը ներկայացրեց սպասվող ձմեռային օլիմպիական խաղերի համար նախատեսված համալիրների շինարարական գործընթացները և կազմակերպչական գործընթացները: 

Ֆորումի շրջանակներում նախատեսվում են ելույթներ բարձրակարգ մարզիկների բժշկական վերահսկողության, ազգային հակադոպինգային կրթական ծրագրերի և այլ հարցերի մասին: Ֆորումի շրջանակներում նաև կլոր սեղան է կազմակերպվելու: Նոյեմբերի 13-ին հյուրերն այցելելու են Հայաստանի տեսարժան վայրեր, նրանց հյուրընկալելու է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նույն օրը երեկոյան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի  ակադեմիական թատրոնում տեղի է ունենալու ՀԱՕԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված տոնական հանդիսություն: