Հանդիպում ԲՀԿ Արմավիրի եւ Արագածոտնի տարածքային կառույցներում

07/22/2015

Այսօր ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւ ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Աբրահամ Մանուկյանը հանդիպել են ԲՀԿ Արմավիրի մարզի Բաղրամյանի, իսկ այնուհետ ԲՀԿ Արագածոտնի մարզի Թալինի եւ Արագածավանի տարածքային կառույցների պատասխանատուների հետ։ Քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ ներքաղաքական, սոցիալ-տնտեսական, ներկուսակցական, ինչպես նաեւ արդեն իսկ շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների դրույթները։ Կառույցի պատասխանատուներն անդրադարձել են համայնքի բնակիչներին հուզող մի շարք սոցիալական խնդիրների։ Մասնավորապես՝ Արագածոտնի մարզում լրջագույն հիմնահարց է շարունակում մնալ հակակարկտային կայանների հարցը։ Ըստ տեղացիների՝ իրենց համայնքներում կարկուտը վնասել է ծիրանի ողջ բերքը եւ այսօր գյուղացուց անգամ 50 դրամով կարկտահարված ծիրանը հրաժարվում են մթերել։ Թե՜ Արմավիրում եւ թե՜ Արագածոտնի մարզում բնակիչները բարձրացրել են գյուղացիական վարկերի անընդունելի բարձր տոկոսների հարցը՝ ինչը սնանկացնում է հազարավոր ընտանիքների եւ ստիպում արտագաղթել։ Բնակիչներն առաջարկել են ԲՀԿ-ին հանդես գալ գյուղացիական վարկերի տոկոսների թույլատրելիության շեմը նվազեցնող-կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ։ ԲՀԿ-ի հեղինակած՝ արդյունաբերական գոտիների օրենսդրական նախաձեռնության շրջանակում, բնակիչներն առաջարկել են նշյալ գոտիների մեջ ներառել նաեւ իրենց համայնքները, որտեղից առավել մեծ է արտագաղթի տոկոսը։ ԲՀԿ ղեկավար մարմնի ներկայացուցիչները խոստացել են բոլոր այդ լրջագույն խնդիրները ներառել իրենց օրակարգ եւ դրանք բարձրացնել պատկան մարմինների առաջ։