Կա նոր քաղաքական մշակույթի անհրաժեշտություն. Վահե Հովհաննիսյան

07/10/2015

Zham.am-ի զրուցակիցն է ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր հրապարակվել, թե Դուք և Վարդան Օսկանյանը նոր կուսակցություն եք ստեղծում: Որտե՞ղ է իրականությունը:

- Գիտեք, անկուսակցականի իմ կարգավիճակը տալիս է ինձ գործելու, իմ տեսակետներն անկաշկանդ ներկայացնելու և այլ ուժերի հետ հարաբերվելու ավելի մեծ հնարավորություններ: Այնպես որ ես չեմ պատրաստվում այս պահին անդամագրվել որևէ կուսակցության: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, նա այն մարդն է, ով իր հեղինակությամբ ունի իր համախոհների հետ առաջադիմական քաղաքական ուժ ձևավորելու բոլոր իրավունքները և հնարավորությունները: Համոզված եմ, որ եթե վերանանք մանր քաղաքական ինտրիգներից ու ավելի լայն նայենք, պետությունն իրոք կշահի, եթե Օսկանյանը սեփական կուսակցությամբ սկսի հանդես գալ և կարողանա ստեղծել ամուր քաղաքական միավոր: Կարծում եմ, սակայն, դրա մասին կխոսի ինքը, երբ կգտնի նպատակահարմար: Որքանով տեղյակ եմ  Վարդան Օսկանյանը վերջին շաբաթների ընթացքում քննարկումներ և հանդիպումներ է ունեցել բազմաթիվ հեղինակավոր գործիչների, ազդեցիկ մարդկանց, հասարակական սեկտորի ներկայացուցիչների, կուսակցությունների ղեկավարների, այդ թվում` ԲՀԿ-ի հետ: Այնպես որ, այստեղ ոչ մի արտառոց բան չկա : Բայց չգիտես ինչու իմ անունն է շեշտվում: Ուղղակի պետք է փաստել, որ պատվիրատուն կրկին չփայլեց բարոյականությամբ:

- Այնուհանդերձ, ինչպե՞ս եք վերաբերում նոր քաղաքական ուժերի ի հայտ գալուն:

- Որքան ես եմ հասկանում, հնարավոր է, որ առաջիկայում նոր քաղաքական միավորներ ձևավորվեն: Համենայնդեպս, այդպիսին է իմ տպավորությունը մամուլից: Շրջանառվում են թե՛ Վ. Օսկանյանի, թե՛ Թևան Պողոսյանի և թե՛ այլոց անունները: Այս մարդիկ իրենց կրթվածությամբ, լրջությամբ , իրենց աշխատանքով վաստակել են այդ իրավունքը: Կան նաև արդեն իսկ ձևավորված նոր քաղաքական միավորներ: Չեմ կասկածում, որ այս բոլոր տեղերում կան ընդունակ, նոր մտածողությամբ, փոփոխությունների ձգտող մարդիկ, և միայն ուրախ կլինեմ, եթե մեր քաղաքական կյանքում սկսվեն վերջապես երկար սպասված տեղաշարժերը, որ դուրս կբերեն երկարամյա լճացումից: Սա միանշանակ ողջունելի է: Իսկապես կա նոր խոսքի, նոր մտքի, նոր քաղաքական մշակույթի անհրաժեշտություն: Կա նոր օրակարգի անհրաժեշտություն: Կարելի է և համագործակցել, և բանավիճել, բայց` նոր քաղաքական մշակույթի և խաղի կանոնների պայմաններում, որտեղ ջարդելն ու փշրելը, կեղծելն ու քծնելը կամ կույր ատելությունը չեն հիմնական գործոնները:

- Դուք անձամբ մասնակցելո՞ւ եք այս կուսակցություններից որևէ մեկի կայացմանը:

-Ես անտարբեր մարդ չեմ և անտարբեր հայացքով չեմ կարող հետևել երկրում ընթացող պրոցեսներին: Այս պահին, սակայն, չունեմ անձնական որոշում, և դա է առայժմ միակ իրականությունը: Գուցե այս պահին՝ քաղաքական այսօրվա իրականության համար ավելի դրական է, որ ես պահպանեմ իմ՝ անկուսակցականի կարգավիճակը և այդպես փորձեմ օգտակար լինել գործընթացներին: Եթե գա օր, և ես ունենամ իմ որոշումը, ապա այն չի լինի թաքուն, պատվիրված լուրերի կամ գործընկերների մեջքի հետևում: Դա կլինի բաց, շիտակ, հրապարակային և հիմնավորված:
 

Zham.am