ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՄԻՏՐՈՊՈԼԻՏ ՎՈԼՈԴԻՄԻՐԸ ԾԱՂԿԵՊՍԱԿ ԵՆ ԴՐԵԼ 1988 Թ. ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

10/30/2010
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում է ժամանել Ուկրաինայի Հոգեւոր առաջնորդ, Կիեւի եւ համայն Ուկրաինայի միտրոպոլիտ Վոլոդիմիրը: Հոկտեմբերի 30-ին Սպիտակում Գագիկ Ծառուկյանն ու Միտրոպոլիտ Վոլոդիմիրը ծաղկեպսակ են դրել  1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:






Սպիտակ քաղաքի ազգաբնակչության հետ հանդիպումը կայացել է Վիկտոր Յանուկովիչի անունը կրող  հրապարակում: Հավաքված սպիտակցիներին ողջունել են Ուկրաինայի նախագահի խորհրդական Նիկոլայ Դեմյանկոն, Միտրոպոլիտ Վոլոդոմիրը եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Ելույթ է ունեցել ԲՀԿ նախագահը, ով ընդգծել է Ուկրաինայի հոգեւոր առաջնորդի այցի կարեւորությունը հայ եւ ուկրաինացի ժողովուրդների միջեւ բարեկամական ու ջերմ հարաբերությունների զարգացման գործում: «Հայ ժողովրդի համար ամենածանր պահերին ուկրաինացի ժողովուրդը օգնության ձեռք մեկնեց երկրաշարժից ավերված մեր երկրին: Այդ գործում իր անուրանալի դերն ունի Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Այսօր մեզ համար եւս մեկ լրացուցիչ առիթ է շնորհակալության ու երախտիքի խոսքեր ուղղելու մեր բարեկամներին»,- իր խոսքում նշել է ԲՀԿ նախագահը: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու կողմից Գագիկ Ծառուկյանը պարգեւատրվել է պատվո շքանշանով:






Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում Հայ առաքելական եւ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները աղոթել են երկրաշարժի զոհերի հոգու հանգստության համար: