ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ. «ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԱՂԹԱՆԱԿՆ ՈՒ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է»

09/27/2010

Սեպտեմբերի 27-ին Անթալիայում Ծանրամարտի աշխարհի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականը վերադարձավ Երևան: Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած մրցույթին մասնակցող մեր հավաքականը ավարտեց իր մրցելույթը՝ վերադառնալով Հայաստան ոսկե, բրոնզե, փոքր ոսկե մեդալներով:








Տիգրան Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն, և ի պատիվ նրա Թուրքիայում բարձրացվեց Հայաստանի դրոշն ու հնչեց օրհներգը: Ծանրորդ Արա Խաչատրյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, սակայն վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել չեմպիոնության համար մղվող պայքարում: Ծանրորդուհի Մելինե Դալուզյանը Հայաստան վերադարձավ բրոնզե մեդալով՝ ընդհանուր արդյունքում հավաքելով 251 կգ:

Զվարթնոց օդանավակայանում Անթալիայից վերադարձող մարզիկներին դիմավորեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Օդանավակայանի շուրջ մարզիկներին ծափողջյուններով դիմավորեցին բազմահազար երկրպագուներ, երիտասարդներ, ուսանողներ՝ ոգևորված մեր մարզիկների փայլուն ելույթներով:
 








Պրն. Ծառուկյանը շնորհավորեց բոլոր մարզիկներին փայլուն ելույթ ունենալու ու երկրի պատիվը բարձր պահելու համար: «Մեր մարզիկների հաղթանակը հայ ազգի հաղթանակն ու հպարտությունն է»,- իր ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահը: