Մինչ գնահատականներ տալը` լավ կլիներ ուսումնասիրեին, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում. Նաիրա Զոհրաբյան
Մինչ գնահատականներ տալը` լավ կլիներ ուսումնասիրեին, թե ինչ է կատարվում իրենց մանկատներում և գիշերօթիկներում։ NewsBook-ի հետ զրույցում նման գնատական տվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանի այն հայտարարությանը, թե անթույլատրելի է համարում Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունները, ըստ որոնց, մուրացկանության համար մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում:
«Պարոն Ասատրյանը նաև կատեգորիկ հերքեց գիշերօթիկներում տեղի ունեցող ոչ պատշաճ ու անմարդկային վերաբերմունքի մասին տեղեկությունը, ինչն ամրագրված է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում»,- ասաց պատգամավորը։
ԲՀԿ խմբակցության ղեկավարը շարունակեց պնդել, որ իր հարցին ի պատասխան` մուրացիկ կնոջ հետ գտնվող երեխան ասել է, որ կապ չունի վերջինիս հետ, և նա մանկատնից է։
«Ամեն օր իմ տուն գնալու ճանապարհին` Աբովյան փողոցի վրա, երեխայի հետ մուրացկանությամբ զվաղվող 3 դեպք ինձ կասկածելի է թվացել։ Ես տեսել եմ կանանց՝ 4-5 տարեկան երեխաների հետ, մոտեցել եմ ու հարցրել, թե կապ ունի՞ այդ կնոջ հետ՝ մայրի՞կն է, քույրի՞կն է, թե՞ բարեկամն է, և բոլոր դեպքերում պատասխանները եղել են՝ ոչ, իսկ մի երեխան ասաց, որ նա մանկատնից է։ Այս ժամանակ այդ կինն արագ փախցրեց երեխային՝ ասելով, որ իմ գումարը նրան պետք չէ»,- պնդեց Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ առաջնորդը շեշտեց, որ նա ընդամենը բարձրաձայնում է խնդիրը և հրավիրում է պատկան մարմինների ուշադրությունը։ Նա միևնույն ժամանակ նշեց, որ խոսել է Հատուկ քննչական ծառայության հետ և ներկայացրել իր մտահոգությունները։
«Միգուցե որոշ ծնողներ իրենց երեխաներին հանձնում են մանկատուն և իրավունք ունեն որոշակի օրերի երեխաներին վերցնել մանկատներից և սոցիալական պայմաններից ելնելով` զբաղվում են մուրացկանությամբ, սակայն սրանք խնդիրներ են, որոնք պետք է պարզեն պատկան մարմինները։ Ես ներկայացրել եմ իմ դիտարկումները և պնդում եմ, որ այդ երեխաների գոնե մի մասը մուրացկանություն անող կնոջ հետ որևէ առնչություն միանշանակ չունի»,- շարունակեց Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ նա և ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս օրերին պատրաստվում են մոնիթորինգ անել այդ փողոցում և հորդորեց նույնը համապատասխան պատկան մարմիններին։
Նյութի աղբյուրը ` http://news-book.am/?58152&l=am/