ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

09/08/2010
Աղբյուր՝ «Առավոտ» օրաթերթ


Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում են գտ
նվում Միջազգային Եվրոպական Շարժման փոխնախագահ, Բելգիայի Թագավորության պետնախարար Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբը և Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն: Սեպտեմբերի 6-ին հյուրերին ընդունել է ԲՀԿ նախագահ, Հայաստանի Եվրոպական Շարժման պատվավոր նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարևորելով կուսակցության որդեգրած միասնական եվրոպական ընտանիքին ինտեգրման ուղղությունը` ԲՀԿ ղեկավարն ընդգծել է Եվրամիության հետ տնտեսական, քաղաքական, մշակութային, կրթական կապերի ու հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար հյուրերը նշել են, որ տեղյակ են անձամբ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի ջանքերի մասին, որոնք ուղղված են Հայաստանի զարգացմանը` հավաստիացնելով, որ հանձինս իրենց ԲՀԿ-ն ունի լուրջ  գործընկեր ամբողջ Եվրոպայի մակարդակով: «Պարոն Ծառուկյան, Միջազգային եվրոպական շարժման անունից շնորհակալություն եմ հայտնում հրավերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական շարժմանն աջակցելու համար: Մենք տեղյակ ենք, թե դուք ինչ անգնահատելի աջակցություն եք ցուցաբերում Ձեր երկրում եվրոպական շարժման կայացման, եվրոպական արժեքների տարածման գործին: Հուսով եմ, որ Ձեր աջակցությամբ մյուս տարի Հայաստանում կազմակերպվելիք աշխատաժողովի արդյունքները աննախադեպ են լինելու»,- իր խոսքում ընդգծել է Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահը:

Այս այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ հայաստանյան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 2011-ի նոյեմբերին Երևանում կայանալու է Արևելյան գործընկերության կոնգրեսը, որը նոր ուղենիշեր կբացի Հայաստանի Եվրոպական մերձեցման ճանապարհին: Կոնգրեսին մասնակցելու են շուրջ 150 պատվիրակներ ողջ Եվրոպայից և արևելյան գործընկեր պետություններից:


Չարլզ Ֆերդինանդ Նոթոմբի գնահատմամբ «Քաղաքացիական հասարակության կապը իշխանության հետ» թեմայով խորհրդաժողովի անցկացումը շատ արդիական է, և  Հայաստանի դեպքում կարևորվում է ինչպես Եվրոպայի հետ հարաբերությունների սերտացման, այնպես էլ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման համատեքստում: Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, շեշտել է, որ Հայաստանի իշխանությունները մշտապես հանդես  են եկել հարաբերությունների բարելավման դիրքերից, ինչը չի կարելի ասել Թուրքիայի մասին: «Կան պետություններ, որոնք ունակ չեն խոսքից գործի անցնելու: Այդ պետությունների թվին է պատկանում Թուրքիան: Մեր երկրի իշխանությունները նախագահի գլխավորությամբ մշտապես հանդես են եկել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման, բաց սահմանների և դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիրքերից: Իսկ Թուրքիան, ինչպես նկատում եք, անընդհատ նախապայմաններ առաջադրելով ցուցադրում է իր ապակառուցողական քաղաքականությունը», հավելել է ԲՀԿ նախագահը:





Հանդիպման վերջում Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցել կոնգրեսի նախապատրաստական աշխատանքների կազմակերպման և այն բարձր մակարդակով անցկացնելու հարցում: