«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

05/09/2010
Հայրենական Մեծ պատերազմի սիրելի վետերաններ.

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի` Մայիսի 9-ի առիթով: Ուղիղ 65 տարի առաջ Դուք Ձեր հերոսական պայքարի, կամքի ու մաքառման գնով կերտեցիք մեր փառավոր հաղթանակները` ապահովել հայ ժողովրդի խաղաղ ու անվտանգ գոյությունը: Մայիսյան հաղթանակների այս նվիրական օրը մենք խոնարհվում ենք Ձեր առջև, մեր հարգանքի ու երախտիքի տուրքն ենք մատուցում հարյուր հազարավոր այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը անմնացորդ նվիրաբերեցին մեր միասնական հայրենիքի ազատության ու անկախության համար:
    
Ֆաշիզմի դեմ տարած Ձեր հերոսական հաղթանակը սերունդների համար դարձավ ոգեշնչման և ընդօրինակման անսպառ աղբյուր: Ձեր անձնուրաց օրինակին հետևեցին Արցախյան ազատամարտի մերօրյա հերոսները, իրենց արյան գնով  ապացուցելով հայ ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ գոյության իրավունքը` 1992թ-ի մայիսի 9-ին ազատագրելով Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել այսօրվա խաղաղության համար և պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք մեր բոլոր հերոսների անմահ հիշատակը:

Սիրելի վետերաններ, կրկին ու կրկին շնորհավորելով այս փառապանծ օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, մեր պետությանն ու ժողովրդին` խաղաղություն և բարգավաճում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան