ԽՈՇՈՐ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՏԱՐՎԱ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ

12/19/2009
Միշտ լինել առաջինը, բարձր պահել Հայաստան երկրի անունն ու հեղինակությունը

Երեկ Կարեն Դեմիրճյան մարզահամերգային համալիրում սպորտի եւ
երիտասարդության հարցերի նախարարությունը եւ Հայաստանի ազգային օլիմպիական
կոմիտեն հանդիսավորությամբ մեծարեցին «Մրցաշրջան 2009»-ի մեր մարզաշխարհի
հերոսներին:

Արարողությունն այնքան մասշտաբային էր, որ դժվար է առանձին-առանձին
թվարկել բոլոր կոչումներն ու պարգեւները, որ հանձնվեցին անցնող տարում
հանրապետության պատիվը միջազգային ասպարեզներում բարձր պահած մարզիկներին,
նրանց անձնական եւ հավաքականների մարզիչներին, ըստ ոլորտների
պատասխանատուներին եւ աշխատանքները կազմակերպողներին:

Տասնյակ երախտավորներ այսուհետեւ կկրեն ֆիզիկական կուլտուրայի եւ
սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, շատերի կուրծքը կզարդարեն ՀԱՕԿ-ի
տարբեր աստիճանի մեդալներ: Իսկ անկախ Հայաստանի պատմության ընթացքում
առավել նշանակալի հաջողությունների հասած մեր առաջատար մարզիկներին
շնորհվեց Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի պատվավոր կոչում:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի
հրամանով ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, օլիմպիական
գաղափարների տարածման գործում ներդրած ծառայությունների համար «ՀԱՕԿ-ի
Ոսկե շքանշանով» պարգեւատրվեցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի
նախագահ, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Սամվել Խաչատրյանը
եւ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը:

Այնուհետեւ Գագիկ Ծառուկյանը խրախուսական պատկառելի պարգեւներ հանձնեց
անցնող մրցաշրջանի մեր հերոս մարզիկներին: 2009 թվականին աշխարհի ոսկի
նվաճած մեր միակ մարզիկը՝ ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ՀԱՕԿ-ի նախագահից
ստացավ Երեւան քաղաքում երեք սենյականոց բնակարանի բանալի
, իսկ աշխարհի
առաջնությունների արծաթե եւ բրոնզե մեդալակիրները՝ «ՎԱԶ 2107» մակնիշի
ավտոմեքենայի բանալիներ: Դրամական խոշոր պարգեւներ հանձնվեցին բոլոր
մարզաձեւերում (անկախ տարիքային կարգից) աշխարհի, Եվրոպայի
առաջնություններում, համաշխարհային ուսանողական խաղերում եւ այլ
բարձրակարգ մրցումներում մրցանակային տեղեր գրաված բոլոր մարզիկներին,
նրանց անձնական եւ հավաքակա
նների մարզիչներին, ինչպես նաեւ վերջերս
կազմավորված, բայց բառացիորեն երկու օր առաջ Եվրոպայի գավաթի խաղարկության
1/16 եզրափակչի ուղեգիր նվաճած Երեւանի «Հատիս» թիմի
բասկետբոլիստուհիներին:

Արարողության ժամանակ գումարային ոչ մի տվյալ չհրապարակվեց, սակայն
դատելով մասշտաբներից, վստահաբար կարելի է ենթադրել, որ ՀԱՕԿ-ի նախագահը
պարգեւատրությունների համար ընդհանուր առմամբ հատկացրել էր առնվազն
վեցանիշ թվերով արտահայտվող դրամ: Եվ որ ամենակարեւորն է, նա իր խոսքում
հայտարարեց, որ դա անում է հաճույքով, հպարտության զգացումով եւ
այսուհետեւ էլ պետք է անի ամեն բան՝ հաջողությունները բազմապատկելու,
մեդալների որակը բարձրացնելու եւ 2012 թվականին կայանալիք ամառային
օլիմպիական խաղերի մասնակիցների քանակն ավելացնելու ու Լոնդոնում
Հայաստանի հաշվարկում ոսկե մեդալ գրանցելու համար: