ԿԱՅԱՑԱՎ ՁՅՈՒԴՈՅԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

09/12/2009
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սալավեյչիկը և ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:

Առաջինը ելույթ ունեցավ Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սալավեյչիկը, ով ողջունեց 38 երկրներից ժամանած պատվիրակությունների մարզիկներին և անձնակազմերին: Սերգեյ Սալավեյչիկը Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև հաջող համագործակցության համար մեդալներ հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանին և ՀՀ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանին:





Բացման խոսքով հանդես եկավ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Շուրջ 40 երկրների պատվիրակներ ելնելու են երևանյան մրցագորգ և միմյանց միջև վիճարկելու են հաղթողի կոչումը: Վստահեցնում եմ ձեզ, որ կազմակերպչական առումներով մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի առաջնությունն անցնի բարձր մակարդակով: Մարզիկների համար ստեղծված են բոլոր պայմանները հաջող արդյունքներ ցույց տալու համար»,- իր ելույթում նշեց ՀԱՕԿ նախագահը:



Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Վերջինիս մասնակցում են 38 երկրներից ժամանած մարզիկներ: Եվրոպայի երիտասարդական առաջնության շրջանակներում իրականացվող միջոցառումների շարքը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 13-ը: