ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ ԹՈՒՅԼ ՏՎԵՔ ՈՂՋՈՒՆԵԼ ՁԵԶ ԵՎ ՄԱՂԹԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՂ ԸՆԹԱՑՔ

09/12/2009

Մեծարգո վարչապետ, հարգելի հյուրեր, առաջնության մասնակիցներ,

Հայաստանի մարզական ղեկավարության անունից թույլ տվեք ողջունել ձեզ և մաղթել Եվրոպայի առաջնությանը հաջող ընթացք:

Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը առաջին անգամ է անցկացվում Հայաստանում: Շուրջ 40 երկրների պատվիրակներ ելնելու են երևանյան մրցագորգ և միմյանց միջև վիճարկելու են հաղթողի կոչումը: Վստահեցնում եմ ձեզ, որ կազմակերպչական առումներով մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի առաջնությունն անցնի բարձր մակարդակով: Մարզիկների համար ստեղծված են բոլոր պայմանները հաջող արդյունքներ ցույց տալու համար:

Հայաստանի Հանրապետության քաղաքական և մարզական ղեկավարությունը մեծ ուշադրություն է հատկացնում մեր երկրում սպորտի մասսայականացմանն ու զարգացմանը: Վերջին տարիներին գնալով ավելի շատ միջազգային հեղինակավոր մրցաշարեր են կազմակերպվում Հայաստանում: Այդ ուղղությամբ մենք շարունակում ենք մեր հետևողական քաղաքականությունը: Վերջերս իմ և Միջազգային օլիմպիկական կոմիտեի ղեկավար Ժակ Ռոգեի հետ կայացած հանդիպման ժամանակ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և Հայաստանը պատրաստվում է 2018թ-ի երիտասարդական օլիմպիական փառատոնի անցկացման հայտ ներկայացնել: Վստահ եմ, որ այստեղ ներկա երկրների ներկայացուցիչները անպայմանորեն իրենց մասնակցությունը կունենան նաև ապագայում Հայաստանում կազմակերպվող նմանատիպ մրցումներին:  

Դյուդոն օլիմպիական մարզաձև է և Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում: Ես հուսով եմ, որ այս առաջնությունից հետո հազարավոր նորանոր պատանիներ և երիտասարդներ կընտրեն այս մարզաձևը, և իրենց սպորտային ապագան կկապեն ձյուդոյի հետ:

Ես վստահ եմ, որ առաջնությունը կանցնի բարձր մակարդակով, մասնակիցները կցուցադրեն իրենց մարտական ոգին, կամային բարձր հատկանիշներն ու գեղեցիկ հնարքները:
 
Մաղթում եմ մասնակիցներին հաղթանակներ, արդար մրցակցություն, և թող հաղթի ուժեղագույնը:

Շնորհակալություն

ՀԱՕԿ նախագահ
Գագիկ Ծառուկյան