ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09/05/2009
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայ-թուրքական հարաբերութունների կարգավորման հարցում առաջնորդվում է իր ծրագրային հիմնադրույթներում ամրագրված այն մոտեցումով, ըստ որի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում Հայաստանի Հանրապետության մասնակցության չափն ու ուղենիշերը պայմանավորված պետք է լինեն ազգային, պետական իրատեսական շահերով: Միաժամանակ, կուսակցության դիրքորոշման համաձայն, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումն այլնըտրանք չունի:

2009թ-ի փետրվարի 12-ին ԲՀԿ 4-րդ համագումարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց ԲՀԿ մոտեցումները հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորման առնչությամբ՝ նշելով, որ երկու ժողովուրդները, լինելով հարևաններ, պետք է ունենան միմյանց հետ հարաբերվելու միջազգայնորեն ընդունված հնարավորություններ, իսկ տարածաշրջանում չպետք է մնան փակ սահմաններ:
 
Առաջնորդվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական-ծրագրային վերոնշյալ հիմնադրույթներով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ մենք գտնում ենք, որ

1. hրապարակված փաստաթղթերում, ընդհանուր առմամբ, արտացոլված են առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ԲՀԿ մոտեցումները, որոնք ընկած են նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում:

2. Գտնում ենք, որ հայ-թուրքական առանց նախապայմանների երկխոսության ծավալումը խթան կարող է հանդիսանալ նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի և թուրք հասարակության շրջանում հանրային գիտակցության փոփոխման հարցում: Կոշտ կամ պարտադրանքների ճանապարհով տվյալ հիմնահարցի արծարծումը համարում ենք առավել անիրատեսական:

3. Մեզ համար ընդունելի է, որ նախաստորագրված արձանագրություններում բացակայում է որևէ հիշատակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, որը որպես նախապայման թուրքական կողմը բազմիցս ներկայացրել էր Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առնչությամբ:

4. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դրական միտումներ պարունակող առաջարկ է նաև միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը, որը թույլ կտա կառավարական  ամենաբարձր մակարդակով քննարկել հայ-թուրքական հարաբերությունների բոլոր կնճռոտ հարցերը, այդ թվում և Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության                              
Քաղաքական խորհուրդ
Երևան 05, 09, 2009 թ.