ԽԱՉԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ.«ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ԵՆ 7 ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԲԵԼԱՌՈՒՍ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ»

07/13/2009
Հուլիսի 13-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանի հանդիպումը լրագրողների հետ: Խաչիկ Գալստյանը նախ ներկայացրեց  բելառուս գործարարների պատվիրակության այցի մանրամասները: Բանախոսը հիշեցրեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել սերտացնել հայ և բելառուս գործարարների միջև համագործակցությունը:  

«Եռօրյա բանակցությունների ընթացքում կնքվել են 7 առևտրատնտեսական պայմանագրեր: Պրն. Ծառուկյանը վերջերս հայտարարեց, որ մեր կարևոր նպատակներից մեկը հայ- բելառուսական առևտրաշրջանառության հաշվեկշիռը բալանսի բերելն էր: Մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը ընդամենը 4 միլիոն ԱՄՆ դոլար էր: Հենց այս խնդիրը լուծելու համար իրականացվել է այս նախաձեռնությունը: Հայկական արտադրանքի համար Բելառուսում արտոնյալ պայմանների տրամադրումը կարևոր առավելություն է, ինչից պետք է օգտվել»,-նշեց մամլո խոսնակը:

Լրագրողների խնդրանքով Խաչիկ Գալստյանը անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն խնդրին: «Մեզ համար սկզբունքային է հետևալը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը այս քաղաքական կուրսով է առաջնորդվում»,-նշեց մամլո խոսնակը:  

Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ կառավարության կողմից ներկայացված 300 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման օրինագծին դեմ էին քվեարկել: Խաչիկ Գալստյանը անդրադարձավ նաև այս հարցին: «Հատուկ քաղաքական որոշում չի ընդունվել կուսակցության կողմից, բայց մեր կուսակցական պատգամավորները դեմ են քվեարկել, քանի որ կառավարության ներկայացրած փաթեթում բավարար չափով նշված չեն եղել, թե այդ վարկի բյուջետային տողերը որտեղ են ծախսվելու: Եվ այդ հիմնավորումը չստանալով՝ մեր պատգամավորները դեմ են քվեարկել»,-տեղեկացրեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը:

Հանդիպման ավարտին պրն. Գալստյանը նշեց, որ սեպտեմբերին Հայաստան են ժամանելու խորվաթ, իսկ հոկտեմբերին բուլղարացի գործարար պատվիրակությունները: