ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍՏԵՊԱՆ ՄԵՍԻՉԻՆ
Ծավալված ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները: Զրուցակիցները մասնավորապես կարևոր են համարել երկու երկրների առաջատար գործարարների համագործակցության հնարավորությունը, որը կարող է ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության, առևտրի և այլ ոլորտներում:
Հիշեցնենք, որ դեռևս 2008 թվականին կայացել էր Խորվաթիայի նախագահի առաջին հանդիպումը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:
ԲՀԿ նախագահի՝ խորվաթ գործընկերների հետ մի շարք հանդիպումների թվում էր նաև խորվաթական զբոսաշրջային խոշորագույն կենտրոն Դուբրովնիկի քաղաքապետ Անդրո Վլահուսիչի հետ հանդիպումը: Նշվեց, որ զբոսաշրջությունը ոչ միայն Դուբրովնիկի, այլև ողջ Խորվաթիայի հիմնական այցեքարտն է: «Զբոսաշրջությունը կարևոր, սակայն ոչ միակ ուղղությունն է Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում, կարելի է համագործակցել նաև շինարարության ոլորտում»,-հանդիպման ընթացքում նշեց Դուբրովնիկի քաղաքապետը:
Երկու երկրների միջև տնտեսական համագործակցության նպատակով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խորվաթ գործընկերներին հրավիրեց Հայաստան:

